Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Այս էջը հաստատված է

ձայնով սովորական ողջույնը տալուց հետո, մոտեցավ, ապշած կանգնեց հիվանդի գլխի վերը. նրա կեղծավոր կերպարանքի վրա ձևացված էր ցավակցության պես մի բան. նրա շիլ աչքերից գլորվեցան մի քանի հատ արտասուքի կաթիլներ, և նա յուր տզրուկի նման սև շրթունքը շարժում էր, իբր թե աղոթք էր կարդում։

— Այդ ի՜նչ անբախտություն է, Մահտեսի,— ասաց նա, դառնալով դեպի հիվանդի հայրը։— Հատկապես ինձ խիստ ցավալի է տեսնել ձեր որդին, իմ սիրելի բարեկամը, այդ դրության մեջ։

— Աստծո կամքն է,— պատասխանեց ջերմեռանդությամբ մահտեսի Ավետիսը։

— Հա՛, աստծո կամքն է, իմ բարեկամ... բայց ի՞նչ հույս տվեց բժիշկը,— կամաց շշնջաց Ռեսը նրա ականջին։— Բժիշկը մի ուրախալի հույս չտվեց...— պատասխանեց տխրությամբ մահտեսի Ավետիսը։

— Մնաք բարյավ, ես իմ հետ անչափ տրտմություն եմ տանում. երեկոյան դարձյալ կմտնեմ ձեզ մոտ,— ասաց չարագործը և հեռացավ։ «Հա՛, բժիշկը մի ուրախալի հույս չտվեց...», կրկնում էր նա յուր մտքի մեջ, գոհունակ սրտով։

— Պետք է հեռու պահել հիվանդը տանեցի և դրացի այցելուներից,— ասաց պարոն Աշխարունին․— դրանք կձանձրացնեն նրան իրանց շատախոսությամբ և ավելորդ սնապաշտական արարողություններով: Թող պարոն Խոսրովը մնա այստեղ, թող նա՛ հանձն առնե ծառայել հիվանդին, որպես յուր մտերիմ բարեկամին։ Առավելապես ջանացեք հեռու պահել հիվանդից ձեր մայրը, Հուրի Խան-Դայան, որովհետև պարոն Ռուստամը յուր առողջ օրերում անգամ չէր կարողանում համբերել նրան։ Պարոն Մելիքզադեն գիտե, թե ինչպես պետք է գործադրել դեղերը։ Մնաք բարյավ, առողջություն եմ մաղթում, Մահտեսի։

Ռես Վասակյանը, տեր-Առաքելենց տանից դուրս գալով, իսկույն հայտնվեց մեծ ամրոցում և մտնելով պատանի Ավազակյանցի սենյակը դիվական հրճվանքով ասաց,

— Նո՛ր ավետիս։

— Ի՞նչպես,— հարցրուց Սոլոմոն-բեկը յուր խաժ աչքերը լայն բացելով։

— Ռուստամը ամենասաստիկ կերպով հիվանդ է. այս ժամիս ես նրա մոտ էի։

— Արդարև՛, ավետիս,— կրկնեց պատանի Ավազակյանցը նույնպես ուրախանալով։