Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/232

Այս էջը հաստատված է

— Բայց գիտե՞ք, որքա՛ն ձեռնտու է մեզ այդ բախտավոր հիվանդությունը. մի կողմից հեռացնում է մեզնից, Մելիքզագեի խորհրդով, առանց քահանայի պսակ կատարելու խորհուրդի երկյուղը մյուս կողմից, օրիորդ Սալբին հեռու գտնվելով նոր ազդեցությունից, հիվանդությունը հնար է տալիս մեզ ազատաբար գործադրել մեր ծրագրները։ Եվ եթե այդ հիվանդության վերջը աստուծո հաջողությամբ մի բարի մահով պսակվի` այն ժամանակ դուք ամենևին առիթ չէիք ունենա գանգատվելու ձեր բախտից։

— Հա՛, մահը կազատեր մեզ երկար հոգածություններից,— պատասխանեց Սոլոմոն-բեկը բոլորովին սառնասրտությամբ։

«Արդյոք չփորձել. այդ կարելի կլինի՞ բժշկի միջոցավ. թեթևամիտ անգլիացի, փողի համար հոգի կտա...», մտածում էր յուր մեջ եղեռնագործը։

— Լսիր, աղա,— խոսեց նա լսելի ձայնով.— ժամանակը թանկ է մեզ համար, պետք է գործ սկսել, դարձյալ կրկնում եմ իմ դասը.— դուք կաշխատեք ձեզ ցույց տալ պարոն Աշխարունուն, որպես նրա համախոհ և սրտակից բարյացակամը, և սկսեցեք բարեկամական հարաբերություն ունենալ, և նրանց բոլորովին կասկածներից դուրս բերելու համար, ձեր քույրը կհանձնեք ուսանելու տիկին Մալլաթինի մոտ. ես էլ իմ քույրը կսողացնեմ այնտեղ, որպես ձրի ծառայող աղախին։ Նրանք երկու կողմից կսկսեն համոզել օրիորդ Սալբիին։ Եվ դուք ձեր քրոջ պատճառով միշտ գնալ գալ կունենաք աղջիկների մոտ, և կարող կլինեք տեսնել օրիորդ Սալբին, և երբեմն գաղտուկ խոսել նրա հետ։ Չմոռանաք, առաջ բարեկամանալ, հետո քույրդ հանձնել, այնուհետև սկսել երթևեկությունն կատարելը։ Այդ կլինի մեր առաջին փորձը։ Այնուհետև` գործերի բերմունքի համաձայն կլարենք մեր որոգայթները։ Այժմ մնաք բարյավ։

ԺԹ

ԿԵՂԾԱՎՈՐԸ

Առավոտյան ութ ժամին, պարոն Աշխարունին միայնակ նստած յուր առանձնասենյակում, սպասում էր ընդունել մի հյուր, որ հատկապես խնդրել էր նրանից մի գաղտնի տեսակցություն։

«Այդ զարմանալի է, մտածում էր նա. պատանի Ավազակյանցը տեսակցություն է խնդրում ինձ մոտ գալու...։ Նա՛, որ յուր հոր