Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/246

Այս էջը հաստատված է

նայել նրա երեսին, հետո ականջը դնելով նրա սրտին, խորին ուշադրությամբ սկսեց լսել։

— Դա խոսո՞ւմ է ինքը իրան,— հարցրուց նա:

— Հա, Բաբա՛-Դերվիշ,— պատասխանեցին պառավները,— հիվանդը ամենևին դադար չունի խոսելուց։

Դերվիշը դուրս բերավ մախաղից ռամը[1] և սկսեց գցել նրան պղնձի սկուտեղի վրա։

— Հիվանդը բռնված դևերից, չար ոգիները չարչարում են դրան,— ասաց իսլամի ճգնավորը ռամը գցելուց հետո։

— Մենք էլ գիտենք, այդպես է,— պատասխանեցին պառավները.— միայն դրա ճարը քեզնով է, աղա Դերվիշ։

— Տվեք ինձ տասը կրան, այնպես անեմ, որ առավոտյան ձեր հիվանդը վեր կենա մահճից։

— Մենք չենք խնայի քսան կրան ևս, միայն թե մեր որդին առողջանար։

— Ուրեմն բերեք ինձ ալյուր, մի թասի մեջ պաղ ջուր, մի լայն բերանով սրվակ, և մի սև գույնով չարշապ:

Երբ տվին նրան խնդրած բաները, Դերվիշը վրանաձև ծածկվեց չարշապով և չոքեց, կզվեց բերանքսիվայր, տանելով յուր ծածկոցի տակ ալյուրը, ջուրը և սրվակը։ Կես ժամի չափ զարհուրելի արտասանությամբ նա կարդում էր մի արաբերեն գիրք, այնուհետև լսելի եղան խառն ձայներ, որ նման էին բոլոր կենդանիերի ձայների, և ահ ու սարսափ էին ազդում։

— Լո՛ւռ, անիծված, լո՛ւռ ով լիրբ.— ասում էր Դերվիշը, կոչելով ոգիների անծանոթ անունները:

Մի քառորդ ժամ է տևում Դերվիշի կռիվը ոգիների հետ, մինչև նա, ձգելով ծածկոցը, վեր է բարձրանում, ձեռքին բռնած սրվակը, որի բերանը պինդ կալած էր մատով:

— Ահա՛ այդպես, գարշելիներ, խոսեց Դերվիշը, դուք կմնաք բանտարկված այս սրվակի մեջ մինչը խելոքանաք:

Հուրի Խան-Դայան և տիկին Թարլանը հետաքրքրությամբ նայեցին սրվակին։ Բայց ինչե՜ր չկային նրանում։ Թափանցիկ ապակիներից երևում էին փոքրիկ դեղին և կանաչ գորտեր, փոքրիկ մկներ, մի քանի հատ մանրիկ օձեր, կարիճներ, խեցգետին, մարախ — ինչ որ ուզես։ Դերվիշը սկսեց սրվակը դրսից մատով ցույց տալ, թե այդ կենդանիներից որը՝ ո՛ր դևն էր։

  1. Ռամը մի տեսակ գործիք է, մետաղից շինած, գրված հնդկական թվանշաններով, որով հմայում են։