Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/248

Այս էջը հաստատված է

— Շնորհակալություն մըստր Սեյսունին,— մյուս կողմից ասաց Սոլոմոն-բեկը ստորաքարշ մարդահաճությամբ։— Իրավէ,այդ մարդը հրաշք գործեց, պարոն Ռուստամի համար ես շատ հուսահատ էի։

Բժիշկը համարյա չլսեց այդ գովասանքը, նա խոսում էր պարոն Մելիքզադեի հետ։

— Գիտե՞ք պարոններ, ո՛րքան թշվառ էր մեր հիվանդների դրությունը, քանի որ մըստր Սեյսունը չէր եկել մեր երկիրը,— նրանց խոսքը կտրեց Ռեսը,— ա՛խ քանի՜ հազարավորներ մեռնում էին անօգնական։

Տեր Մարկոսը նկատելով, որ անգլիացու գովասանքը չափից պատշաճից անցավ, աաաց․

— Ինչո՞ւ, մենք ևս ունեինք հմուտ բժիշկներ, որոնք իրանց իմաստությամբ հետ չէին մնում Լոկմանից։

— Արդարև,— պատասխանեց Ռեսը կատակով,— նրանց էլ շնորհակալություն, որովհետև նրանց շնորհիվ ամեն տարի, թվով շատ մարդիկ էին գնում դեպ Պլուտոնի թագավորությունը։

— Ամենայն ճշմարիտ հայ-քրիստոնյա,— ասաց քահանան,— չպիտի հավատա, թե բժիշկները կարող են փոխել օրհասը, որովհետև, ինչ որ գրված է մարդու ճակատին, այն կկատարվի։ Բայց ներողություն, մըստր Սեյսուն, իմ կարծիքը թող չվշտացնե ձեզ։

Բժիշկը արհամարհական կերպով ժպտաց։

— Ըստ ձեր կարծիքի,— ասաց նա,— ճակատագիրը, որպես նախասահմանյալ դատավճիռ, առանց փոփոխության, առանց մի կետ զանց առնելու իրականությունից— եթե կատարվում է, ուրեմն այլևս ի՞նչ հարկավոր է հոգալ մեր կյանքի համար։

— Իհարկե, ի՞նչ հարկավոր է հոգալ,— պատասխանեց քահանան։ — Մի՞թե չես կարդացել, ինչ է ասում Քրիստոս Մատթեոսի Ավետարանի վեցերորդ գլխում, «Մի հոգայք վասն կենաց ձերոց... Իսկ արդ, ո՞ի ձէնջ առ հոգալ իւրում յաւելուլ կարիցէ ի հասակ իւր զկանգուն միւ»։ Եվ այդպես, մեր կյանքը աստուծո ձեռքումն է, առանց նրա կամքի մենք չենք կարող մեր գլխից մեկ մազ սպիտակացնել կամ սևացնել, որովհետև, առանց աստծո ոչ մի տերև չի ընկնում ծառից։

Բժիշկը դարձյալ ծիծաղեց։

— Հայր,— ասաց նա յուր սովորական հանդարտությամբ, — երեխայությանս օրերին կարդացել եմ, և տակավին իմ մտքումս են այդ խոսքերը. կարծեմ, Մատթեոսի միևնույն վեցերորդ գլխում