Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/250

Այս էջը հաստատված է

առյուծի և արծվի նման — չէ՛ կարող պատերազմել յուր թշնամիների հետ։ Եվ նրա ոտքերը այնչափ ամուր չեն, որպես ձիու և իշի սմբակները, որ կոշիկի կարոտություն չունենային և աքացիով պաշտպանեին նրան։ Բայց այդ ֆիզիկական տկարությունների փոխարեն՝ ստեղծողը իմացական կարողությամբ կատարելագործեց մարդը, ներշնչելով նրանում բանական հոգի և խելք կամ հանճար: Եվ կարիքը՝ եղավ մարդկության առաջին վարժապետը, որ ուսույց բանեցնել խելքը— այդ աստվածային ծանրակշիռ պարգևը, և նրանով գտնել մեր կյանքի բոլոր պիտույքները։

Բայց տեր Մարկոսը չհասկանալով մըստր Սեյսունի ասածները՝ հարցուց.

— Ուրեմն Քրիստոս խաբել է մեզ։

— Քրիստոս չէ՛ խաբել մեզ,— մյուս կողմից պատասխանեց պարոն Աշխարունին.— եթե մենք ճշմարիտ քրիստոնյաներ լինեինք, իրավ, մենք սակավ հոգս կունենայինք մեր կյանքի և մեր ապրուստի համար, ինչպես էին առաջին դարու քրիստոնյաները — Քրիստոսից հետո։

— Հրաշքների ժամանակները անցել են,— ասաց մըստր Աեյսունը— այժմ ո՛վ չգործե՛ չէ կարող ուտել, և ո՛վ չուտե — կմեռնի։

Քահանան յուր կամավոր հակաճառությամբ, կամենում էր առաջ տանել վիճաբանությունը, բայց տեսնելով որ Սոլոմոն-բեկը վեր կացավ, նա ևս, հիվանդին առողջություն մաղթելով, միասին հեռացավ։

— Ռես,— ասաց Սոլոմոն-բեկը, երբ տեր Մարկոսը բաժանվեց նրանցից— հիվանդը ոչ մի վտանգ յուր կյանքի դեմ՝ չէ ցույց տալիս, մեր հույսը դարձյալ կորած է...։

— Մեր հույսը կորած չէ,— պատասխանեց Ռեսը յուր անդրդվելի հաստատամտությամբ.— բայց, առժամանակ կորած է մեր հանգստությունը— նրա մահը կդյուրացներ գործը, բայց նրա կյանքը մի փոքր երկար աշխատել կտա մեզ:

— Բայց չէ՞ կարելի դյուրացնել գործը նրա մահվամբ:

— Ինչո՞ւ չէ կարելի. ամենայն անկարելին՝ արծաթը կարելի է դարձնում... ես այդ մասին մի բան մտածել եմ... միայն դուք շնորհեցեք փող, որքան հարկավոր լինի:

— Ես չեմ խնայում իմ արծաթը. միայն, Ռես, զգուշացնում եմ քեզ, այդպիսի հանգամանքներում ամենևին և երբեք չհիշել իմ անունը. չասել՝ թե ես նույնպես խորհրդակից էի քեզ, որովհետև երբ գործը ընդունեց հակառակ ընթացը՝ մեր օգտին ընդդեմ —