Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/256

Այս էջը հաստատված է

— Նայիր Ուլ-Սալթանան գնաց քրդերի վրա, Հախպակա և Հայոց Ձորի գերիները վերադարձրել Է[1]. բոլորը հայ նորահաս պատանիք և մանկահասակ աղջիկներ են...։ Մեր գյուղացիներից շատերը արծաթով գնեցին այդ գերիներից, մեկից մինչև տասն թումանով...։

— Այդ ևս նոր լուր չէ, Խաչո,— պատասխանեց հիվանդը ցավակցաբար,— գերությունը՝ մեր պապերի միակ ավանդն է, որ թողել են մեզ...: Բայց դու չմոռանաս գնել մի քանի հատ այդ գերիներից, ահա քեզ արծաթ։

Ռուստամը դուրս բերեց յուր բարձի տակից արծաթով լի մի քսակ, տվավ ծառային՝ և նրա աչքերը դարձյալ լցվեցան արտասուքով։ Նա դառն եղանակով երգեց.

«Մի՞թե արյունո՛վ գրվեցավ՝
Ճակատագիրդ — անբախտ հա՛յ.
Հայրենիքդ՝ քեզ բանտ դարձավ.
Օտար աշխարհն էլ բերեց վայ...։»


— Այլևս ի՞նչ կա, Խաչո,— հարցրուց հիվանդը։

— Ասում են Հախպակը թալանեցին, և սուրբ Բարթուղիմեոսը քարուքանդ արին։

— Թող մնան դրանք, թե աստված կսիրես. դու վշտացնո՛ւմ ես ինձ, Խաչո,— նրա խոսքը կտրեց Ռուստամը— ա՛սա խնդրեմ, դո տեսա՞ր նրան:

—Հրամեր ե՛ք, աղա,— պատասխանեց ծառան,— նա ասաց, «ես կգամ կես գիշերվա պահուն»։

— Ուրեմն արթուն եղիր, բակի դռները բաց թող. և երբ գա՝ առաջնորդիր դեպ իմ սենյակը։

Ծառան հեռացավ։

Դրսում մրրիկը կատաղաբար մռնչում էր. լուսամուտի ապակիները զարհուրելի ձայներ էին հանում. վառարանում կրակը սկսել էր հանգչիլ. մի քանի ածուխներ հազիվ պլպլում էին իրանց թույլ կանաչագույն բոցերով։ Ահա աքաղաղները խոսեցան։ Կես գիշեր է։ Հասավ ուխտյալ ժամը, բայց նա տակավին երևան չեղավ:

  1. Շնորհակալություն Զարեհավանի հայերին, այդ մեծ գերության ժամանակ նրանք ցույց տվին իրանց ազգասիրական նախանձը՝ պարսիկներից գնելով գերիների մեծ մասը։ Հայի մինը — այն ևս մանկահասակ — արժեցել է մինչև հինգ կրան (այսինքն մեկ և կես մանեթ.): Ի՜նչ չնչին արծաթ... թշվառական հա՜յ. մինչև ո՞ր աստիճան կորցրել ես դու քո արժեքը...։