Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Այս էջը հաստատված է

Հիվանդը, յուր քնաշորերում անհանգիստ, անքուն, սպասում է՝ մի կողմից դեպ մյուսը շրջվելով։ Ճրագը ծխրտում էր յուր աղոտ լուսով։

Քնարանի դուռը հեզիկ զարկեցին. րոպեական լռությունից հետո՝ մինը ներս մտավ, փաթաթված մի լայն մեշեդյան շալով. նրա փափուկ թշերը լրջացել էին ցրտից.— այդ օրիորդ Սալբին էր։

— Դու երկար սպասել տվիր ինձ, իմ հրեշտակ,— նրա ձեռքը բռնելով, ասաց Ռուստամը։

— Ի՞նչ պիտի արած... դևերը քնեցին, սատանայք ննջեցին, բայց իմ մոլակրոն մայրը դեռ անքուն նստած՝ տակավին խազում էր յուր պատկերների և յուր խաղերի հետ... — պատասխանեց ծիծաղելով օրիորդ Սալբին։

— Ա՜խ, այդ մոլեռանդ ծնողները... — կրկնեց հիվանդը խորհրրդական ձայնով։

— Ի՞նչպես ես զգում այժմ քեզ,— հարցրուց օրիորդը։

— Ոչ բոլորովին լավ... միայն այժմ մեռնելուս երկյուղը անցել է:

— Ասա՛, Ռուստամ, ի՞նչն էր քո հիվանդության պատճառը։

— ճշմարիտն ասած՝ ստույգ չգիտեմ... միայն, գլխավոր պատճառն համարում եմ այն զարհուրելի երազը, որ տեսա ես բարեկենդանի գիշերը։

Օրիորդը արհամարհաբար ծիծաղեց։

— Դու մի երազ տեսար, և մի երազ է պատճառ եղել քո հիվանդության,— ասաց նա արագությամբ.— ֆո՜ւ, այդ ներելի չէ քեզնից լսել։

— Հա՛, երա՛զ, ա՛յն սարսափե՜լի երազը,— կրկնեց հիվանդը առաջին եղանակով։ Օրիորդը չկարողացավ զսպել յուր զարմացքը։

— Պատմիր, Ռուստամ, պատմիր խնդրեմ, որպիսի՞ երազ,—հարցրուց նա հետաքրքրությամբ։

Ռուստամը սկսեց մանրամասնաբար պատմել երազը, որ այնքան ուժգին պաշարել էր նրա միտքը: Միևնույն ժամանակ օրիորդը չէր դադարում հոգվոց հանելուց. նա, ականջները լարած, խորին ուշադրությամբ լսում էր։

— Թեպետ ես մի հմուտ հոգեբան չեմ,— ասաց օրիորդ Սալբին, բայց այսքանը գիտեմ, շատ անգամ, երևակայական խառը պատկերները, ուղեղի ուժգին գրգռումները՝ ծնեցնում են զարհուրելի երազներ, որոնք սաստիկ ներգործելով մեր հոգու վրա, պատճառում