Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/265

Այս էջը հաստատված է

խիստ մասնավոր իրողությանց մեջ։ Օրինակ, Ծաղկավանում ամեն մի շաբաթվա ընթացքում, քանիցս անգամ պատարագ էր մատուցվում։ Գյուղերի սովորության համաձայն, ժամհարը և տեր Մարկոսի ծառան, ամեն մինը մի-մի ջվալ (պարկ) և տիկ գցած ուսերնին՝ դռնից դուռ ման են գալիս, ալյուր հավաքում նշխարքի համար, և գինի՝ բաժակի համար։ Դժվար չէ՛ երևակայել, թե յոթն հարյուր տուն ժողովրդից՝ ամեն մի անգամ ո՛րքան կհավաքվի՝ երբ ամեն մի տան պառավ տիկինը, ջերմեռանդ սնահավատությամբ լեցնում է ժամհարի պարկը ալյուրով, և մեծ տիկը — գինիով՝ աղաչելով, որ յուր տան ալյուրից և գինուց միայն մատուցանեին սուրբ ընթրիքին հարկավոր նյութերը. այդ անում էր նա՝ լի հավատով, թե դրանով յուր տան ալյուրով լի փեթակները և գինու թակույկները շնորհ և բարաքյաթ կգտնեին։ Կեղծավոր ժամհարը, լավ ճանաչելով պառավների թուլությունները, բոլորին միաժամանակ հուսադրում էր, թե նրանց կամքը անպայման կկատարե...։ Բայց իզուր. բոլոր մթերքը խառնվում է միմյանց... և այդ բոլորի մեկ հազարերորդ մասը բավականանում է սուրբ խորհրդի պիտույքի համար, իսկ մնացածը լեցնվում է տեր Մարկոսի ամբարի մեջ, մի փոքր մասը միայն բաժին հանելով աշխատասեր ժամհարին։ Եվ այսպիսով, տեր Մարկոսը, թեպետ չուներ ոչ հունձքի արտեր, և ոչ խաղողաբեր այգիներ, բայց ժողովրդից հնձում էր ավելի ալյուր և ցորյան՝ քան թե վաստակավոր երկրագործը և նրա գինու թակույկները ավելի լիքն էին՝ քան թե մի այգեգործին։

Մեծ պասի ավագ չորեքշաբթի երեկոյան, եկեղեցու մեջ, տեր Մարկոսը «ծանուցում» է անում — «ժողովուրդ, գիտե՞ք, առավոտյան ոտնալվա պիտի լինի, և որպես հրամայում է մեր սուրբ կրոնքը — պիտի յուղ օրհնվի։ Կանայք, ձեզ եմ ասում, ականջներդ բաց արե՛ք, լավ լսեցե՛ք. բուռներդ շատ հուփ մի տվեք — ամեն տարվա պես. այլ այս տարի յուղն առատապես սեղան հանեք, որ մասնակից լինեք ա՛յն երանությանը, որ Քրիստոս տվեց բեթանիացի կնոջ, որը օծեց տերը թանկագին նարդոսի յուղով։ Իսկ եթե խնայողություն գործ դնեք, ես անպարտ՝ դուք պարտավոր, գիտցած լինիք, որ ձեր կովերը կցամաքեն կաթ տալուց, և ձեր հավաքած յուղը և կարագը — առատություն չի ունենալ»։ Բայց սնահավատությունը, առավել քան տեր Մարկոսի փաստերը — զորավոր էր՝ ժլատ պառավների առատաձեռնությունը շարժելու։ Այդ պատճառով, տոնասեր ժամհարը այսօր քարշ չէ գալիս դռնից