Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/274

Այս էջը հաստատված է

համար զանազան բժշկական հնարներ, գործ դնելով ոչ այնքան դարմաններ, որքան կախարդական գործողություններ։

Մի օր, արևածագից առաջ Հուրի Խան-Դայան, նստած թոնրի մոտ, խորին մտածողության մեջ — տաքանում էր։ Հանկարծ ներս մտավ նրա մոտ միականի Գոզեն, Ռես Վասակյանի քառասունամյա քույրը, որի սպնգանման երեսը, ցրտից լրջացած՝ միևնույն ժամանակ խիստ անտանելի էր։

— Բարի լինի... ի՞նչ կա, աղջի, այսպես վաղ առավոտյան,— հարցրուց Հուրի Խան-Դայան, նրա երեսին նայելով։

— Փա՜ռք աստուծո, բարի է,— պատասխանեց օրիորդ Վասակյանը ծամծմելով։— Եկա ձեզ մի նեղություն տամ, հույս ունիմ ընդունեք ձեր բարեսրտությամբ, առաքինի մայրիկ. «պորտս ընկել է» քանի օր է, որ բոլորովին քուն չունիմ ցավից, օրըստօրե տկարանում եմ, ցերեկով ամաչեցի ձեզ մոտ գալ. առավոտյան կանուխ եկա, որ «աղոթել տամ»։

Օրիորդը պեսպես տարապայման շարժմունքներով կամենում էր ցույց տալ, թե իրոք փորի մեջ մեծ ցավեր էր զգում։

— Ե՛կ, նստի՛ր, խղճալի աղջիկ,— ասաց պառավը ցավակցաբար,— երևի կարողությունիցդ դուրս ծանր բան ես վեր առել և պորտդ վեր ես գցել, ե՛կ, նստի՛ր, մի կանգնի՛ր, կրկնեց նա։

Գոզեն մոտեցավ, նստեց թոնրի ափին, Հուրի Խան-Դայայի մոտ։ Նրա փոքր տաքանալուց հետո, պառավը ձեռքը տարավ դեպ նրա փորը և մի քանի րոպե շոշափելուց հետո, ասաց.

— Վա՜յ խղճալի, մեկ թիզից ավել է իջել դեպի ցած. հո՛ղը քո գլխին, ինչո՞ւ շուտով խաբար չտվեցիր, որ մի ճար անեինք։

— Ա՜խ, ի՞նչ անեմ, մայրիկ, քանի որ մտել եմ այդ անիծված վարժարանը գլուխս քորելու ժամանակ չունիմ, այնքան աշխատեցնում են...։

— Այդպե՞ս է... հենց այն սատանայի բունի մեջ պիտի՞ մի կտոր հաց ճարեիր,— ասաց տհաճությամբ պառավը և հրամայեց Գոզեին պառկել քամակի վրա։ Բոլորովին բաց անելով նրա փորը նա սկսեց ձեռքերով ու մատներով զանազան շարժումներ անել և մաժմաժել, միևնույն ժամանակ չդադարելով կարդալ այնպիսի աղոթքներ, որոնք ոչ մի գրքում գրված չեն։

Պառավ օրիորդը շուտով բարձրացավ, մի քանի անգամ հազաց և Հուրի Խան-Դայայի ձեռքը պաչեց, ասելով.

— Մայրիկ քո հոգին լուսի մեջ լինի. այժմ բոլորովին հանգստացա։