Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/277

Այս էջը հաստատված է

Կես ժամից հետո հայտնվեց Ռեսը։ Նա, մոտենալով հիվանդի մահճակալին, սկսեց նայել նրա նիհար երեսին։

— Մինչև ե՞րբ, աստված, պիտի թողնես դրան այդ տրտում մահճի մեջ, — կոչեց նա հառաչանքով և սկսեց լալ։

— Ռեսի երկսայրի խոսքը նրա համար չէր, որ աստված հիվանդը վեր կանգներ յուր հիվանդության մահճից դեպ լույս աշխարհ, այլ տաներ դեպ մահվան գերեզմանը։

— Դուք խիստ շուտ փղձկեցաք, օրհնած, — ասաց Ռեսին տեր Մարկոսը, մխիթարելով— ի՞նչ կա եղել, աստուծո շնորհիվ շուտով չենք տեսնելու մեր բարեկամը այդպես պառկած հիվանդության մահճի մեջ։ Տերը կհատուցանե նրան...։

— ՛'չ, տեր հայր, Ռուստամը... ա՜խ Ռուստամը... մեր սիրելի բարեկամը... դա շպետք է այդքան մաշվեր...— կրկնեց նա հեկեկալով։ Վասակյանի արտասուքը շարժեց բոլորի լացը, և տեր Մարկոսը նույնպես երեսը դեպ մյուս կողմը թեքեց, թաշկինակ քսեց երեսին, որպես թե չորացնում էր յուր աչքերի արտասուքը։

Պարոն Մելիքղադեն, հեռվից արհամարհանոք նայում էր դրանց վրա, ոչինչ գին չդնելով նրանց սրտերի անտեղի զեղմունքին։

Միևնույն միջոցին, Հուրի Խան-Դայան, մոտենալով քահանային, սկսեց համբուրել նրա ձեռքերը, ասելով.

— Տեր հայր, ծառա եմ սուրբ աջիդ, մատաղ լինեմ ոտքիդ հողին, աստծո սիրույն, ողորմություն արեք, և մի թողեք, որ իմ թոռս մեռնի որպես մի թուրք, առանց սուրբ հաղորդության, առանց քահանայի։

— Դուք, մայրիկ, պիտի մտածեք, որ ձեր թոռը հրաժարված է հայոց սուրբ եկեղեցու հաղորդակցությունից,— պատասխանեց քահանան սառնությամբ։

— Ես աղաչում եմ, ես խնդրում եմ, եթե հնար էր... Եվ սկսեց պառավը թախանձել, նրա ոտքերը համբուրելով:

— Բայց գիտե՞ք, ինձ արգելված է իմ մեծավորի կողմից, և գուցե պատժի տակ կգցեի իմ անձս, գործելով սրբազան առաջնորդի հրամանի դեմ։

Իսկապես, Ատրպատականի սրբազան առաջնորդը, նզովելով պարոն Ռուսաամին յուր ընկերների հետ, հրաժարեցրել էր հայոց եկեզեցու հետ հաղորդակցությունից։ Եվ տեր Մարկոսը, այդ իրղությունը պատճառ բերելով, աշխատում էր ավելի թանկ գնով վաճառել յուր թույնը: