Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/280

Այս էջը հաստատված է

նրան տալ։ Նրանց խոստումը, վկայության համար, գրվեցավ մի քարյա տախտակի վրա, և այդ քարյա տախտակը ձգվեցավ Հորդանան գետի մեջ։ Շատ չանցավ, բնականաբար արևը ծագեց, որովհետև մոտ էր լուսաբացին։ Ահա այդ պատճառով մենք ևս մինչև այսօր արևածագից մի ժամ առաջ եղած խավարին՝ «Ադամա մութն» անունն ենք տալիս։ Այդ անիծյալ ձեռագիրն մնաց Հորդանան գետի մեջ, մինչև Քրիստոս աշխարհ եկավ։ Մինչև այդ օրը սատանան տիրում էր մարդկանց հոգիներին, բայց երբ Քրիստոս Հորդանան մտավ, և սուրբ Հովաննես, քավոր դառնալով մկրտեց նրան, այն ժամանակ նա՝ ոտքը կոխելով այն քարետախտակի վրա՝ ջնջեց Ադամի տված ձեռագիրը. իսկ յուր Հարությունից հետո, դժոխքն մտնելով՝ ազատեց արդար հոգիները, որոնք նույն ձեռագրի զորությամբ սատանան գերի էր տարել։

— Այդ ձեր պատմածը նույնպես Ավետարանում գրվա՞ծ է,— նրա խոսքը կտրեց պարոն Մելիքզադեն։

— Իհա՛րկե, օրհնած, արդյոք կա՞ մի բան, որ սուրբ Ավետարանում գրված չլինի։

— Վա՜յ այն ազգին, վա՜յ այն ժողովրդին՝ որ ունի ձեզ նման քահանաներ...— ասաց պարոն Մելիքզադեն վշտանալով։

— Այո՛, այդպես է... որովհետև գրված է «մի արկանեք զմարգարիտս ձեր առաջի...»։ Տեր Մարկոսը, ոչ թե քաղաքավարության համար չկամեցավ արտասանել վերջին բառը՝ այլ մոռացավ Ավետարանի խոսքը։

— Ասացեք «առաջի սոխոց»,— կատակաբանեց պարոն Մելիքզադեն։

— Դուք արդեն իմանում եք, էլ ևս ինչ ասեմ։

Պարոն Մելիքզադեն նայեց ժամացույցին, տեսավ գիշերից բավական ժամանակ անցել էր;

— Որպես ես նկատում եմ,— ասաց նա— ձեր խոսակցությունը կերկարի, լավ է, որ հանգիստ թողնեք հիվանդը, ես գնում եմ քնելու, դուք, տեր հայր, գնացեք մյուս սենյակը, այնտեղ ձեզ ունկնդիրներ կգտնեք։

Ռես Վասակյանը իսկույն որսաց հաջող միջոցն, մտածելով, թե ավելի ձեռնտու էր իրանց խորհուրդին, երբ պարոն Մելիքզադեն գնար քնելու։ Իրանք մյուս սենյակում ժամանակ անցնելով Հուրի Խան-Դայայի հետ, այնուհետև կարող էին գտնել հիվանդը միայնակ և անպաշտպան։