Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/289

Այս էջը հաստատված է

կարիքը ստիպում է նրան գտնել մի պարապմունք։ Նա, յուր ոսկիների մնացորդը գործ դնելով, կարողացավ կաշառել Զարեհավանի տիրող խանը և Ծաղկավանի մելիքը, որով ստացավ յուր հայրենի գյուղի մեջ ռեսի կամ ռայիսի (այսինքն տանուտերի) պաշտոն։

Ռեսը դարձյալ համարում էր իրան հասած ծայրացյալ երջանկության։ Արդարև, ո՛րքան բախտավորություն է չարագործ և կաշառասեր մարդկանց համար տանուտեր լինելը։ Ամեն մարդ նրան խոնարհվում է, ամեն մարդ նրան հարգում է, բոլորը նրանից վախենում են, դողում են...։ Ո՛ր տան մեջ խաշ կամ հարիսա են եփել՝ ո՜վ կարող է առանց տանուտերի մի պատառ բերանը տանել. ո՛րտեղ կնունքաճաշ են տալիս կամ ժամուհաց, և կամ — հարսանիք է՝ տանուտե՛րն է նստում սեղանների պատվավոր գլխում, լիքը բաժակները ստանում է տանուտերը, գեր ու պարարտ բաժինները ուտում է տանուտերը։ Ամեն հանդիսի, ամեն մեջլիսի, ամեն ժողովքի մեջ՝ նա պատվավոր բարձի տեղ ունի, և Ծաղկավանում ամենածանրակշռից մինչև ամենաչնչին գործերը՝ կատարվում են տանուտերի խորհրդով։

Ռեսը յուր պաշտոնով լինելով մելիքի որպես թե օգնականը և նրա ստորադրյալը, նպատակ ուներ միշտ ծառայել յուր և նրա օգուտի համար։ Սրանք, երկուսը միասին պետք էր իրանց որսացած կաշառքներից մի մասը հանեին Զարեհավանի տեր խանին, որ կարողանային իրանց ավազակությունները առանց կասկածի և աներկյուղ առաջ տանել։ Դրա համար խղճալի գյուղացիք միշտ ստիպված են հաշտվել և բարեկամանալ Ռեսի հետ, որովհետև, վայ այն մարդու սև օրին, որին մի փոքր թեք աչքով էր նայում Ռեսը։

Տանուտերին հարգում են ավելի անտերունչ և այրի կանայք, և կամ այնպիսիները, որոնց ամուսինները գնացել էին օտար աշխարհ պանդխտության։ Այսպիսի կանայք ավելի են կարոտ նրա կարեկցության, և առավելապես են ենթարկված նրա կամքին... ոչ միայն նրա համար, որ տանուտերը պաշտպան էր նրանց խանի — հարկերի ծանրությունից, այլ որպեսզի պատկանածից ավել հարկ չգներ նրանց վրա։

Ահա՛ այդ հին գայլը, այդ զարհուրելի ավազակը, որ յուր սատանայական խորամանկությամբ ամբողջ մարդկությունը համարում էր մի գործիք յուր օգտին ծառայեցնելու համար, այժմ, հուսահատված, անճարացած, տխուր ու տրտում սրտով, միայնակ,