Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/309

Այս էջը հաստատված է

Եվ իմ հոգիս փառավորվում է, երբ շատ անգամ կես գիշերային պահուն, կամ արևածագից առաջ, հեռու սարերի մեջ, լսում եմ մի հիանալի ձայն` «Տե՛ր, կեցո՛ դու զհայս»։ Ահագին լեռնաժայռերը կրկնում են կախարդական երգի արձագանքը։ Բայց մեր վրանաբնակների սրտերն առավել կարծր են, քան թե այն պինդ քարաժայռերը. նրանք չեն զգում և ո՛չինչ այդ երգից, նրանց համար այդպիսի ձայներ, ասես թե քամիներ են հնչում...։

«Բայց նրանք մեղ չունին, երգերը հորինած են այնպիսի լեզվով, որ անհասկանալի են ռամիկներին։ Այդ պատճառով ես մտածեցի հորինել մի քանի տաղեր այդ երկրի աշխարհիկ բարբառով, որպեսզի մոտ լինեն ռամիկների սրտին և նրանց հասկացողությանը. և այդ տաղերը, հույս ունիմ, որ թե՛ կազդեն և թե՛ կներգործեն նրանց սրտերին և զգացմունքներին։

«Բայց ես շատ ափսոսում եմ, իմ նազելի, որ դու այստեղ չես. ես գիտեմ, որ դու էլ կաշխատեիր հավաքել մի քանի նորահաս աղջիկներ և կուսուցանեիր նրանց երգեր և իրանց ազգի պատմությունը։ Բայց սիրտս ճաքում է, երբ շատ անգամ լսում եմ, թե ինչպես այստեղ աղջիկները երգում են օտար ազգերի լեզուներով և մայրերը նանիկ են ասում օտար ազգի բարբառով։

«Բայց մի քանի օր առաջ, որսորդության համար, ես միայնակ իմ ձիով, գնացել էի հեռու սարերի մեջ. այնտեղ, մի նեղ հովտում, հանդիպեցա մի քանի աղքատիկ չադրների, որ ավելի նման էին թափառական զարաչիների չադրներին։ Ավազակները, կարծես թե, դեռ նոր էին հեռացել այդ անբախտ չադրներից, այնքան տխուր և տրտում էր նրանց տեսքը։ Ես իմ ձիուց իջա աղբյուրի մոտ` մի փոքր հանգստանալու, ինձանից ո՛չ այնքան հեռու կազմած էր մի վրան, արևը յուր կիզող շողքերը ներս էր կաթեցրել նրա պատառոտած ճեղքերից։ Մի մանկահասակ կին, տխուր, բայց վայելուչ կերպարանքով, ճոճում էր յուր տղայի լանտիկը, որ քարշ էր տված չադրի երկու սյուներից։ Մի խիստ ցավալի ձայնով եղանակում էր այս ողբալի օրորոցի երգը։ Հնչող քամիները նրա ձայնը տանում էին հեռո՜ւ և խառնում մուզաների ձայնի հետ...։

«Նանիկ արա, սիրուն որդյակ,
Դու նանի՜կ, նանի՜կ, նանի՜կ,
Նանիկ արա, շուտ մեծացի՜ր,
Քեզ մատա՜ղ է իմ ջանիկ: