Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Այս էջը հաստատված է

աստվածեղեն նախանձն է, որ ամեն կրքերից առաջ պիտի բնավորվի մեր երեխաների հոգիների մեջ։

«Բայց այս պաշտելի այրիի երեխան յուր առաջին աչքաբացից տեսել է յուր կողքին դրած հոր թուրը, այն միակ ժառանգական ավանդը, որ մնացել է յուր պապերից, իբրև մի նվիրական սրբություն: Այդ հզոր թրով կտրվել է երեխայի պորտը և նրա ազնիվ արյունը խառնվել է յուր պապերի արյան հետ, որոնք անջնջելի նշաններով մնացել էին այդ քաջության զենքի վրա...։

«Իմ սիրելի Սալբի, ես էլ քեզ հետ ծնված ժամանակ, մեր մանկաբարձ դայակը դողդոջուն ձեռքերով դրեց մեր խանձարուրի մոտ մի թուր... և այդ ավանդությունը մինչև այսօր կատարում են հայոց մանկաբարձները, բայց, ափսո՜ս, ո՛չ յուր իսկական խորհրդով... նրանք տվել են այդ խորհրդական իրողությանը մի սնապաշտական կերպարանք — որ դևերը չմոտենային նորածին մանկան և նոր ծննդականին։ Եվ այդպես, յուր առաջին աչքաբացից` հայ մանուկը սկսում է սովորել սնապաշտություն...։

«Բայց փափկությունը և սնահավատությունը` սկսյալ տղայությունից, չեն թուլացնում այդ այրիի որբիկի հոգին ու մարմինը։ Նա մեծանում է այնքան ամուր, այնքան անխորտակելի, որպիսի են ահագին որձաքարյա ժայռերը, որոնք եղան նրա խանձարուրը: Նա մեծանում է այնքան ուղիղ և բարձրագլուխ, որպես իրան շրջապատող բարձր եղևնիները։ Աշխարհի փոթորիկները, կայծակների փայլատակումը, ամպերի բոմբյունները երբեք չեն կարողանում խոնարհեցնել, խորտակել այդ ուղղաբարձ, բարձրադիտակ հասակը։ Բայց երբ ճակատագիրր փոխում է նրա բախտը` նա ավելի սիրով գրկում է մահը, քան թե յուր ոսոխի ոտքերը...։

— «Այդ այրին հիմար է, որ խոսում է յուր երեխայի ականջներին վրեժխնդրության խրատներ,— ասում է ինձ մի քուրմ սև հագուստներով և սև սրտով — որովհետև վրեժխնդրությունը մեղք բան է. պատճառ՝ մենք քրիստոնյա մարդիկ ենք, մեր պարտավորությունն այն է, որ չարության փոխանակ բարություն անենք և սիրենք մեր թշնամիներին։

«Գնա՛, կորի՛ր, ասում եմ նրան բարկացած, թո՛ղ վրեժխնդրության աստվածը թափե իմ գլխին կայծակ, կրակ, թո՛ղ նա բանա ինձ համար դժոխքի բերանը, բայց ես պիտի գոչեմ, աղաղակեմ այս անբախտ այրիի հետ` վրե՜ժ, վրե՜ժ...։ Գնա՛, կորի՛ր, սևերես, կրկնում եմ ես՝ մի՞թե այն վրեժխնդիր աստվածը, որ Ադամին դրախտից արտաքսեց արգելված թուզն ուտելու համար և նրա