Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/317

Այս էջը հաստատված է

և մի փոքրիկ խաչ… երեխայի ձեռքի խաղալիքը նրա մանկությունից միչև նրա մահը, — երբ այդ խաչով քահանտն դրոշմում է հանգուցյալի հողադամբարանը…: Անհավատ մայրերը տղայական հասակից ծանրաբեռնում են խեղճ երեխայի գլուխը սուտ առասպելներով — ծառայություն, խոնարհություն, համբերություն, ստրկական հնազանդություն,— այդ բառերը լսում է նա օրորոցի միջից մինչև այն ժամանակ, երբ ասում են նրան՝ «հող էիր և հո′ղ դարձիր»: Արդարև, մի խորհրդական խոսք հայի համար… պատճաոը՝ այդ ազզը յուր կյանքում չէ ցույց տվել որևիցե հոգեկան զորություն, այլ միշտ ապրել է նա որպես հող, քար և անշունչ մարմին…:

«Բայց այրի կնոջ մեջ, աղքատիկ վրանի տակ միտք կա, հանճար կա, զգացմունք կա, կյանք կա. նրա երգն այնքան ոգելից, աղտաբորբոք և կրակոտ է, որպես նրա հոգին, և այդ չադրի միջից կծագի հայի հույսը:»

«Ես դառնալով իմ վրանը, Սալբի, իմ միտքը պաշարված էր կախարդիչ երգի զորությամբ, ես բոլոր գիշերը չքնեցի: Մի քնքուշ մուզա հանկարծ քսեց իմ երեսին յուր թևքը և իմ երևակայությունը վառվեցավ, ձեռքս աոա գրիչը, գիշերային լռության պահուն, լուսնյակի լուսով գրեցի այս երգը, իբրև նվեր այն պաշտելի այրիին,

Օ՜րո՛ր կարդա՛, ո՛վ գթոտ մայր,
Մինչ մեծանա քո որդին
Հոր ոսոխից նա պահանջե
Ցուր վրեժը դառնագին։

Այդ ձայնիկը քո օրորի.
Այդչափ տխո՜ւր և տրտո՜ւմ,
Բորբոքում է իմ արյոնը
Կրակ է ձգում իմ սրտում։

Այդ կրակը ինձ այրում է,
Ինձ կտանե՜ գերեզման…
Արդյոք կլինե՜ր՝ զինվորվեի
Քո թշնամու հանդիման:

Կիլիկիայի վեհ առյուծին՝
Արժանավոր ո՛վ կորյուն,
Քո սարերի ազատության
Նվիրեի իմ արյուն: