Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Այս էջը հաստատված է

Անգործ, հանգիստ՝ մեր պատիցը
Քարշ է ընկած թվանգը,
Ցուր պատենում՝ իմ սայրասուր
Թուրս ուտում է ժանգը:

Իմ նժուգը՝ գետնին տալով,
Յուր սմբակը տրոփում,
Պատերազմի ասպարեզին
Նա էլ ինձ հետ փափագում:

Գութը շարժվում ամեն սրտի,
Որքան լիներ նա մեռած,
Երբ տեսնում է մի ամբողջ ազգ
Գերության մեջ շղթայած

Հայոց որդիք խլացած են,
Լսել չկամին քո օ՜րո՜ր,
Ստրկության ծանր լծի տակ
Ճնշվել կամին ամեն օր:

Օ՜րո՜ր, կարդա՜, թող մեծանա
Առյուծենի մանուկը.
Պետք է նրա ամրացնել՝
Տկարացած բազուկը,

Որ կարենա քաջի նման
Կրել հոր նետ-աղեղը,
Թշնամու ժանտ գերությունից`
Ազատելու յուր ցեղը:

Կ՛գա օրը… հսկայի պես`
Նա դեմ տված յուր դոշը,
Դեպ պատերազմ կբարձրացնե
Ազատության դրոշը:

Եվ նրա հետ շատ քաջազունք
Ուխտ կ ուխտեին այն դաշնով. —
Հայրենիքի փրկությունը
Գնել իրանց արյունով…


Առավոտյան շուտով, իմ թանկագին Սալբի վեր առա իմ գրած ոտանավորը և սկսեցի դիմել դեպի այրի կնոջ չադրը: Ես գտա նրան, երբ նրա մանուկը քուն էր եղած, և ինքը միայնակ, խորին մտաշողության մեջ, նստած յուր վրանի մոտ հոսող աղբյուրի ափին, ականջ էր դնում արծաթափայլ ջրի խոխոջմունքին: