Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/319

Այս էջը հաստատված է

Նա նույն ժամանակ նմանում էր մի աղբյուրային հավերժահարսի, որ, ասես թե, նոր էր դուրս եկել ջրից։

«Ողջունեցի նրա առավոտը և նվերը տվի նրա ձեռքը։ Խորին ուշադրությամբ կարդաց ոտանավորը։ Ես նկատեցի, արտասուքն սկսեց հեղեղի նման թափվել նրա մեծ սևորակ աչքերից․․․։ Ա՜խ, ո՛րքան արտասունքներ լացել են այդ սգավոր աչքերը․․․։

«Հանկարծ նա յուր լցված աչքերը բարձրացրեց դեպի երկինք․ «փառք քեզ, տեր», ասաց նա խորին ջերմեռանդությամբ, «որ գտա ինձ կարեկից․ այսուհետև կմխիթարվեմ ես, պատճառ՝ կան հայոց որդիների մեջ և այնպիսիները, որոնք հասկանում են ինձ»։

«Բայց, իմ սիրուհի, դժբախտաբար ես չեմ կարողնում ամեն բան արձակ, համարձակ գրել քեզ․ իմ օրագիրը լցված է այս անբարբառ կետերով․․․ պատճառը՝ մեր լեզուն կապ է և մեր գրիչը կաշկանդված։ Մենք չենք կարող արտասանել՝ ո՛չ մեր ուրախությունը և ո՛չ մեր տրտմությունը․ մենք չենք կարող ո՛չ լալ և ո՛չ ծիծաղել․ ա՜խ, մեր բոլոր մտքերը, մեր բոլոր զգացմունքները պիտի ճնշվին, պիտի խեղդվին մեր սրտի մեջ․․․։

«Բռնավորի երկաթյա գավազանը միշտ և հանապաղ հսկում է մեր գլխի վրա․ լաց ես լինում՝ լո՛ւռ կաց․․․ ծիծաղում ես՝ լո՛ւռ կաց․․․ խոսում ես՝ լո՛ւռ կաց․․․ ա՜խ, ծեծում են՝ լո՛ւռ կաց․․․ սպանում են ինձ՝ լո՛ւռ կաց․․․ իմ երեխանց արյունն իմ աչքիս առջև թափում են՝ լո՛ւռ կաց․․․ իմ ապրանքը խլեցին, տարան՝ լո՛ւռ կաց․․․ իմ տունը քանդեցին՝ լո՛ւռ կաց․․․ ա՜խ, չեմ դիմանում այդ ցավերին, ի՞նչ անեմ․— տո՛, թշվառ, քեզ ասում են՝ լո՛ւռ կաց, հա, լո՛ւռ կաց, միշտ լո՛ւռ կաց, թե ավելի խոսես, լեզուդ կկտրեմ, թե էլի խոսես, քեզ կենդանի հողում կթողեմ և այնտեղ կսովորես լուռ կենալ․․․։ Այս անգութ գավազանն ամեն ժամ, ամեն րոպե պտտվում է մեր գլխի վրա և դու միշտ լսում ես այդ զարհուրելի սպառնալիքը։

«Այդ սպառնալիքի ձայնը քո ականջներին զարկում է, քանի կենդանի ես․ այդ երկաթի գավազանը քո գլխի վրա պտտվում է, քանի շունչ ես քաշում․․․ Մի մարդ էլ չկա, որ ասե․ չէ՞ խեղճ է, դա, դա էլ մեզ նման մարդ է, աստված լեզու է տվել, որ խոսե, խորհե, մտածե և յուր մտքերն արտասանե։

«Բայց ասես թե, ամեն մարդ յուր գլուխն է պահում, յուր փորի, յուր հանգստության համար միայն ծառայում․ մի բան, որ նրան վերաբերյալ չէ, դրա վրա չէ մտածում։ Եվ այդպես, մարդիկ սառն աչքով են նայում իրենց նման մարդկանց չարչարանքներին