Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/321

Այս էջը հաստատված է

են հայի ականջներին, բայց նա չէ զարթնում յուր քնից... նա քնած է և գուցե կքնե անթվելի շատ ժամանակներ...։

«Մնաս բարյավ, իմ Սալբի, գալոց օրագրությանս մեջ կտեսնվենք քեզ հետ։

ԻԸ

ՌՈՒՍՏԱՄԻ ՕՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

«Եվ ես, իմ սիրուհի, ամեն օր տեսության համար՝ գնում եմ այն պաշտելի տիկնոջ վրանը, իմ խելքս տարել են՝ նրա պարզ ձևերով, արդար սրտով ընդունելությունները, և նրա ազնիվ հյուրասիրությունը հիացնում է ինձ։

«Օրըստօրե ես ծանոթանում եմ այդ վրանաբնակների երևելի տղամարդկանց, նրանց տիկինների և նրանց պատկառելի ալևորների հետ։ Եվ ես տեսնում եմ այդ անմեղ ժողովուրդը, իրանց պարզ բարք ու վարքով, իրանց առաքինական բնավորությամբ, իրանց միամիտ սրտերով ձևացնում են մարդկության առաջին ժողովուրդը, յուր կիսավայրենի և բնական կերպարանքներով։ Եվ դրանց մեջ պատկերանում է բիբլիական աշխարհը՝ յուր աբրահամներով, յուր իսահակներով և յուր հակոբներով։ Եվ արդարև, ես նկատում եմ դրանց բոլորի մեջ, համարյա՛ ելումուտ է անում մի շունչ և շարժվում է մի հոգի։

«Ես տեսնում եմ դրանց մեջ ալևորներ դարավոր հասակներով, բայց տակավին ժիր, գործունյա և աշխույժ։ Այդ ծերունի հսկաները, իրանց մարմնի երկաթի կազմվածքով, որպես անմահ աստվածներ, միշտ արհամարհել են մարմնական տկարությունները։ Նրանք իրանց հարյուր քսան, հարյուր հիսուն տարեկան հասակում ևս որպես իրանց մարմնի անդամներ՝ չեն հեռացնում իրանց մոտից իրանց թուրը, իրանց թվանգը — իրանց կյանքի մտերիմ ընկերները, և այն մի զույգ ատրճանակները, որ խնամքով խրել են իրանց հաստ գոտիների մեջ։ Այդ հինավուրց նահապետները, որպես կենդանի պատմագրքեր, պատմում են, թե քանի՛ հալածանքներ, քանի՛ չարչարանքներ և քանի՛ կոտորածներ է կրել իրանց ցեղը այնքան երկար թափառելով աշխարհի երեսին, և նրանց ցամաքած աչքերի մեջ պահված են մի քանի կաթիլ