Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/325

Այս էջը հաստատված է

«Բայց մի ցավալի կորուստ հանկարծ աղմկեց բոլոր վրանաբնակների ուրախությունը։ Այսօր առավոտյան շուտ գնացի իմ բարեկամ այրիի վրանը, ես գտա նրան բոլորովին միայնակ նստած լաց լինելիս։ Տեսնելով ինձ նա սրբեց յուր աչքերի արտասուքը, բայց նրա կերպարանքը տակավին տխուր էր և մռայլված։

— «Ի՞նչ է պատահել ձեզ,— հարցրի ես։

— «Միթե չեք լսած․ մեռա՜վ Հասոն, այն մեծ և հռչակավոր տղամարդը,— պատասխանեց կինը հոգվոց հանելով։

— Հասո՞ն. մեռե՞լ է,— կրկնեցի ես։

— «Հա՛, Հասո՛ն,— առաջ տարավ այրին.— մեր ցեղի փառքն ու պարծանքը… մեր վրանաբնակների աղան…։ Վա՜յ մեզ, վա՜յ մեր սև օրերին, այսուհետև էլ ինչպես պետք է ապրել՝ այդ հզորը կորուսանելուց հետո…։

«Նույն րոպեին նրա վշտալի թշերի վրա երևեցան արտասուքի կաթիլներ, նա ակամա փղձկեցավ։

— «Արժե՞ր ափսոսալ մի այդպիսի անձը,— հարցրի ես,— որ յուր գործը՝ յուր կյանքի նպատակը շինել էր միշտ արյուն թափել։

— «ՉԷ՛, այդ մի ասեք, նա երբեք չէ թափել մի արդար արյուն, բայց գործ դնել յուր սուրը թշնամու առջև՝ այդ մի սուրբ բան է, և կողոպտել բերել նրա ավարը նույնպես մեղք չէ։

— «Ի՞նչ էր պատճառը, որ մեռավ այդ քաջը։

— «Ոչինչ… նա մեռավ անարգ և անփառունակ մահով… Հանգստությամբ, յուր վրանի տակ, հիվանդության մահճի մեջ…։

— «Հապա ո՞րպես պիտի մեռնիլ»։

— «Ջրի կուժը պիտի ջրի ճամփին կոտրվի», ասում է մեր հորերու առածը։ Քաջերը, որ թափել են այնքան շատ արյուններ, պետք է արյունով մեռնին, բայց դժբախտ Հասոն չվայելեց այդ փառքը...։

— «Արդարև այդպես է,— պատասխանեցի ես մի գաղտնի համակրությամբ հիշելով հոմերյան տողերը.

«Մարտ մարտընչել և մեռանել փառք են առույգ պատանվույն, և վեր և խոց սուր սըլաքաց զարդ գեղեցիկ են մահուն»։

— «Բայց նա թողեց յուր ցեղի վրա ավելի երախտիք,— խոսեց կինը կարեկցությամբ.— տեսնո՞ւմ եք այդ լայն և ընդարձակ հովիտը, այդ խոտավետ արոտամարգերը, նրա շնորհիվ մեր ոչխարներն արածում են այս սարերում․ նա խլեց Ջալալիներից այդ բոլորը։

— «Ի՞նչպես,— հարցրի ես։