Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/328

Այս էջը հաստատված է

«Զի հայոց տիկնայք ինձի կասեին`
Փա՛ռք, պատիվ քեզի, երջանիկ այրի,
Դու բախտավոր ես կնիկների մեջ,
Զի կորուսիր այր` քաջ, հսկա, արի:

«Ինձ քաղցր էր հայնժամ թափել արտասուք
Արնով զարդարված դիակիդ վերան,
Եվ ծաղիկներով պճնել, զարդարել
Քո միշտ պաշտելի հողադամբարան։

«Թող պատերազմում, քաջ Հարքիների
Հարյուր գերիներ բերելով թալան,
Հազար ձիավոր քեզ հալածելիս,
Քո կրծքին դիպչեր թշնամու գուլլան[1]:

«Թո՛ղ կռվի միջում, Արարատյան դաշտում
Ազգի, կրոնքի, հայրենյաց համար
Սուրը քո ձեռին, փառավոր մահով։
Թո՛ղ դու զոհեիր քո արյուն արդար։

«Ինձ քաղցր է հայնժամ իմ ձեռքով փակել
Քո այդ սև, հպարտ, շիջած աչերը,
Զի հազար աչեր պիտի արտասվեին
Քո հզոր թրից սպանվածները։

«Զի ես գիտեի, որ դու թռցրիր
Հարյուր գլուխներ թշնամու ուսերից,
Զի ես գիտեի, որ դու զրկեցիր
Հարյուր կնիկներ իրանց այրերից։

«Այդ զարհուրելի խոր-խոր սպիներ
Քո արությանցը— վկա և նշան,
Չունի մի տղամարդ հայոց քաջերից,
Ո՛չ քուրդ, ո՛չ արաբ և ո՛չ մի թուրքման։

«Բայց, ափսո՜ս, քեզ հետ՝ ալ-վարդակարմիր
Դու մի թարմ սպի չտարար գերեզման,
Դու մեռա՜ր, անբախտ, հասարակ մահով
Փափուկ մահճի մեջ... քո բարձի վերան...։

  1. Այս և հաջորդ տունի փոխարեն՝ Փունջ, I. հատոր. «Ողբ զեյթունցի կնոջ» ոտանավորի մեջ զետեղված է.—

    Թող պատերազմում, կռվի դաշտում

    Մեր հայրենիքի կռվի համար

    Սուրը քու ձեռին, փառավոր մահով

    Թող դու զոհեիր քո արյուն արդար։

    Ծանոթ. հրատ. Ան․ Րաֆֆի