Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/336

Այս էջը հաստատված է

է պարտավորացնել այդ կինը արծաթով։ Եվ այդ իրողության մի կարգին կերպարանք տալու համար՝ ես մտածել եմ ահա թե ի՛նչ հնարք։— Ես վաղուց գիտեմ, որ տիկին Թարլանի հանգուցյալ այրը, վարպետ Պետրոսը, հաստատ գրավատոմսակով հազար թումանի պարտք է թողել Միրզա-Ֆաթալի պարսկին, որ և մնում է նրա կնոջ վրա մինչև այսօր։ Հայտնի է, տիկին Թարլանը չունի այնքան կարողություն, որ կարողանա վճարել մի այսքան ծանր պարտք. դրա համար Միրզա-Ֆաթալին պարտավորված է տիրել յուր գրավները, այսինքն Հովասաբենց տունը և նրանց այգին, տիկին Թարլանի միակ ժառանգությունները, որ են և նրա ընտանիքի ապրուստի միակ աղբյուրները։ Միրզա-Ֆաթալին մտերիմ բարեկամ է ինձ, ես մտադիր եմ խնդրել նրան, այս օրերում տիրե գրավները, որ նրա գրավատոմսակի պայմանով այժմ պատկանում են պարտատիրոջը։ Տիկին Թարլանը զրկվելով յուր տանից, կորուսանելով յուր այգին, այլևս չէ կարող ապրել, այսինքն՝ կընկնի անբախտ աղքատության մեջ։ Կարոտությունը ու չքավորությունը խոնարհեցնում է մարդիկ։ Մենք՝ հաջող միջոցը որսալով՝ կառաջարկենք նրան ձեր օգնությունը, եթե դուք պատրաստ եք վճարել Միրզա Ֆաթալիի պահանջելի արծաթը, և հետ առնելով նրա տիրած գրավները, դարձնել տիկին Թարլանին, այն պայմանով, երբ նա կհաճեր յուր աղջիկը տալ ձեզ կնության։ Եվ դուք այդ մեծահոգությունը կատարելեն հետո, տիկին Թարլանը ուրախությամբ կցանկար ունենալ ձեզ նման փեսա։ Եվ օրիորդ Սալբին անտարակույս սիրելու էր ձեզ, երբ պատճառ կդառնայիք նրանց ապրուստի կրկին ապահովությանը։

Սոլոմոն-բեկը երկչոտ աչքերով նայում էր պարոն Վասակյանին և դողում էր բոլոր մարմնով։ Սերը եթե չլիներ, փոքրոգի մարդերի մեջ այնքան զորեղ, պարոն Ավազակյանցը ոչ մի պայմանով չէր համաձայնվելու այդ նրա համար ամենածանր զոհաբերությանը։ Բայց նրա հիմար գլուխը այնպես խռովել էր օրիորդ Սալբիի կախարդական սերը, որ այժմ նրա աչքերում ո՛չ մի բան բացի նրանից արժեք չուներ։ Նա հրամայեց, նրան տվին ղեյլան, և մի քանի շունչ ծխելեն հետո ասաց.— Ես հոժար եմ, Ռե՛ս, ես ո՛չ մի բան չեմ խնայում, միայն թե կարողանայի շահել օրիորդ Սալբիի սերը։

— Շատ լավ. այժմ ինձ մնում է կապել ձեզ հետ և մի դաշինք, այսինքն դուք հայտնի կացուցանեիք թե որքանո՞վ կվարձատրեիք իմ ծառայությունը,— հարցրուց Վասակյանը։

— Բայդ դուք հայտնի կացուցեք ձեր գործը։