Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/339

Այս էջը հաստատված է

շառիաթական կանոնը, «թե օրենքը երևելիին հրաման կանե»,— կամ «քննությունը պիղծ է».— Միրզա-Ֆաթալին կարողացել էր մուսուլմանների արդարության գույներով ներկել յուր արտաքին կերպարանքը։ Կամ ըստ հայոց ասության, լինել մի ոչխարազգեստ գայլ։ Նա ոտքից գլուխ ծածկված էր մեշետյան սև վերարկուով, բարեպաշտության հաստ գոտիով պնդել էր յուր մեջքը, յուր ճկույթը անցուցած էր արդարության մատանին, միշտ ձեռքում ուներ փառաբանության թասպահը, գլխին կապած էր նվիրական չալման, հագած էր ժուժկալության սպիտակ թումբանը (վարտիք), նրա աչքերը միշտ սուրմայած էին սև դեղով, նրա երեսը ամեն առավոտ թաց էր լինում վարդաջրով, և եթե մի մուսուլման՝ յուր կյանքում գործածելով մի բաթման հանա, ազատվում էր դժոխքի կրակից, Միրզա-Ֆաթալին արդեն գործ էր ածել քանի քանի՜ բաթմաններ հանա, ամեն ուրբաթ ներկելով յուր ձեռքերը, ոտքերը և մորուքը՝ նրա աղյուսագույն ռանգով։

Միրզա-Ֆաթալին ամեն օր գնում էր բաղնիք. ով որ տեղյակ է Իսլամի խորին գաղտնիքներին՝ իմանում է, թե Միրզան դրանով լցուցանում էր մի մեծակշիռ կրոնական պարտավորություն, ամեն օր մերձավորություն անելով յուր կնիկներին... և այդ ցանկասիրական առաքինությունը ստանում էր յուր վարձքը ճեննաթի մեջ...։

Վաստակել արդարությունը Իսլամի մեջ խիստ հեշտ է և դյուրին՝ նյութական ծեսերի և արարողությունների միջոցով։ Իսլամի հոգևոր մասը մռայլված է՝ հանդեսների խրատներով։

Դու տեսնում ես, Միրզա-Ֆաթալին նստած է յուր դուքանում, հանկարծ լսելի է լինում կեսավուր ազանի ձայնը, և ահա նա, յուր ղապայի երկայն դրոշակները հավաքած, յուր հագուստների թևքերը մինչև արմունկները ծալած, վեր է առնում աֆտաֆան, լվացվում, դաստամազ առնում, և կատարում է յուր նամազը։ Նա կարդում է յուր աղոթքը (որ մարգարեն հորինել է արաբացվոց լեզվով), ամենևին չհասկանալով յուր աղոթքի իմաստը, նա կարդում է բարձր և լսելի ձայնով, որպեսզի բազառի բազմությունը լսե նրա աղոթքը և գովե յուր բարեպաշտության համար։

Միրզա-Ֆաթալին ճշտությամբ պահում էր երեսնօրյա ծոմը (օրուջը), մուհարլեմի ամսում ամբողջ քառասուն օր հագնում է սև քուրձ ի պատիվ իմամ Հյուսեինի և նրա ընկեր մյուս մարտիրոսվածների, և նշանավոր զատիկ օրերում բաժանում էր աղքատներին հաց և արծաթի շահիներ։

Միրզա-Ֆաթալին, գալով այդ երկիրը Դաղստանից, առաջ