Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/344

Այս էջը հաստատված է

ամուսին այրը յուր կենդանության ժամանակը երբեք պատմե՞լ էր. մի այդպիսի պարտքի մասին։

— Ոչ, երբեք, նա ամենևին հաղորդակցություն չուներ Միրզա-Ֆաթալիի հետ։

— Ուրեմն դուք կարծում եք, այդ պարտքը ձեր ամուսինը թողած չէ՜։

— Աստված գիտե... այդ չեմ կարող ասել, մթին և հին գործ է։

Պարոն Վասակյանի հոնքերը ավելի և ավելի խոժոռվում էին. նրա կերպարանքը ընդունում էր հետզհետե կատաղի գծագրություն․ նա նմանվում էր նույն ժամանակ գազանին, որ պատրաստվում էր հարձակվել յուր զոհի վրա։

— Գիտեք, տիկին,— խոսեց նա,— դուք դիտեք, որ մենք ոչ մի անգամ չենք ցանկանալու մի հայ քրիստոնյայի ապրանքին տիրե այլազգին։ Բայց մենք հոգի ունինք աստծուն տալու, ինչպե՞ս կարող ենք սուտ խոսիլ. աստված ինքն վկա է երկնքում, և ես գիտեմ, որ այն պարսկի գրավատոմսակը սուտ չէ. ձեր այրը մի այդքան գումար պարտ էր նրան յուր կենդանության ժամանակ։ Եվ տեր Մարկոսը, ես և մի քանի այլ մարդիկ մեր դրկիցներից՝ վկա ենք այդ իրողությանը։

— Իհարկե, դուք լավ գիտեք։

— Լսեցեք ինձ, մայրիկ,— առաջ տարավ նա յուր սովորական ճարտարախոսությամբ,— ես, ունենալով ձեր հանգուցյալ ամուսնի հետ մի անկեղծ բարեկամություն, մեծ պարտավորություն եմ համարել մինչև այսօր միշտ մտածել նրա ընտանիքի բարօրության մասին։ Եվ այդ դժբախտությունը ձեզ պատահելեն հետո, քանի օր է, որ ես գիշեր ու ցերեկ հանգիստ չունիմ, միշտ մտածելով մի հնար՝ ազատելու ձեզ այդ թշվառությունից։

— Տերը թող միշտ օգնական և պահապան լինի քեզ,— խոսեց տիկին Թարլանը ջերմեռանդությամբ։

— Ես մտածել եմ մի իրողություն, որի մեջ, եթե դուք ևս ինձ հետ համաձայն կլինիք, հույսով եմ, որ կրկին տեր կլինիք ձեր կորուսած ժառանգություններին։

— Ես ձեր ոտքի հողն եմ, դուք ինչ ասեք, ես կլսեմ։

Պարոն Վասակյանը այն կարգի մարդերից էր, որ հայերի ասածին պես, «սև ջրից սեր վեր կառներ»։ Նրա հնարագետ միտքը իսկույն գտավ մի նոր միջոց այստեղ նույնպես յուր օգուտը որսալու։

— Այո, այդպես,— ասաց նա հաստատամտությամբ,— դուք