Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/346

Այս էջը հաստատված է

Խաբեբան հեռացավ։ Բայց անմիտ տիկին Թարլանը ամենևին չմտածելով յուր աղջկա հպարտ և հանդուգն բնավորությունը, և թե նա՝ բոլոր աշխարհի հետ չէր փոխելու պարոն Ռուստամի մի մազը.— իզուր հանձնառու եղավ պարոն Վասակյանի առաջարկությանը։

Երեկոյան պահուն, երբ տիկին Թարլանը գնացել էր ժամ, օրիորդ Սալբին դարձավ պարոն Աշխարունու տանից։ Նա գտավ իրանց նոր բնակարանում միմիայն օրիորդ Նազանին և յուր սովորական կատակասիրությամբ սկսավ նրա հետ խաղալ, բայց տեսնելով նրա տրտում և տխրամած երեսը, ասաց.— Նազանի, միթե դուք տկա՞ր եք։

— Ոչ, ես տկար չեմ,— պատասխանեց վշտացած օրիորդը.— բայց Սալբի, քույրիկ, ձեր մայրը մի անագորույն ծնող է. դուք մի ընդունեք նրա խոսքերը, նա կամենում է ձեզ ձգել անբախտության մեջ՝ զրկելով պարոն Ռուստամից և տալով Սոլոմոնին, այն հիմար անասունին, որին այնքան ատում եք դուք։

— Ի՞նչ էր ստիպում նրան այդ անել։

— Շահասիրությունը և անխելք փառասիրությունը, իմ սիրելի, որովհետև Սոլոմոն-բեկը խոստացել է վճարել ձեր հոր պարտքը և ձեր տունը և այգին ձրի դարձնել ձեզ։

— Այդ դուք ո՞րտեղից գիտեք։

— Այսօր եկել էր ձեր տունը Ռես Վասակյանը և դրա վրա խոսում էր ձեր մոր հետ. մայրդ խոստացավ նրան մի հարյուր թուման փող, երբ նա կկատարե այդ գործը։

— Ախ, չար վասակներ... ա՜խ դժոխքի որդիք... մինչև ե՞րբ դուք պիտի անպակաս լինիք խեղճ հայերի միջից... մինչև ե՞րբ ձեր թունավոր շունչը պիտի ապականե մեր աշխարհի օդը... բացականչեց օրիորդ Սալբին տխուր հառաչանքով։

— Ոչ. դուք մի խաբվիք, Սալբի, Ռուստամը ափսո՜ս է։

— Ես չեմ խաբվիլ, Նազանի, և ոչ մի բան աշխարհում չէ կարող խաբել ինձ... ես չեմ լսելու ոչ մի ձայն, բայց կլսեմ սիրո ձայնին, որ միշտ զարկում է իմ սրտի մեջ...։

Օրիորդ Նազանին լուռ կացավ և գնաց ճրագ վառելու: Մեր անբախտ հերոսուհին միայնակ նստած էր մութի մեջ: Հազարավոր դառն մտածմունքներ պաշարեցին նրան։ «Անտարակույս գործը կընդունե վատ ուղղություն, երբ մայրս նույնպես անցավ նրանց կողմը... այդ հիմարը կխանգարե յուր այրի, իմ հոր սուրբ ուխտը...