Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/347

Այս էջը հաստատված է

և ի՞նչ կլինի այն ժամանակ իմ և խեղճ Ռուստամի վիճակը...», մտածում էր նա խորին տխրությամբ։

Օրիորդ Նազանին ճրագ բերավ. աղջամուղջին խրճիթը լուսավորվեցավ պայծառ լուսով։ Միևնույն րոպեին ժամից հետ դարձավ տիկին Թարլանը։ Օրիորդ Սալբին նկատեց, նրա երեսը փայլում էր ուրախությունից։

ԼԱ

ՀԻՄԱՐ ԾՆՈՂՔ

Տիկին Թարլանը բոլոր գիշերը չէր քնացել ուրախությունից։ Առավոտյան նա սովորականից խիստ շուտ զարթել էր։ Նա հրամայեց յուր մոտ կոչել յուր աղջիկը։

— Մայր իմ,— ասաց օրիորդ Սալբին նշմարելով նրա պայծառ դեմքը,— այսօր խիստ ուրախ եմ տեսնում ձեզ։

— Այո, Սալբի, պետք է ուրախանալ և օրհնել վերին նախախնամությունը,— պատասխանեց նրա մայրը հրճվանոք։— Որովհետև տերը ողորմություն է արել մեզ անբախտներիս։

Օրիորդ Սալբին արհամարհական ձևով ժպտեցավ։

— Ի՞նչ ողորմություն, ասացեք, խնդրեմ, թող ես նույնպես բաժանորդ լինիմ ձեր ուրախությանը,— հարցրուց նա։

— Իմ աչքի լույս, մի մեծամիտ և մեծահոգի բարերար շնորհ է գործել մեզ. մենք մյուս անգամ տեր կլինինք մեր կորուսած ժառանգություններին և մեր ապրուստը կրկին ապահովության մեջ կլինի։

— Ես կարո՞ղ էի գիտենալ այդ բարերարի անունը։

— Սոլոմոն-բեկը, մելիք Պիլատոսի որդին։

Ծիծաղը կրկին ցնցեց օրիորդ Սալբիի վարդագույն շրթունքը։

— Ես չեմ կարծում նրա կողմից մի այդպիսի մեծահոգություն,— ասաց նա։

— Նա պատճառ ուներ այդպես անելու,— պատասխանեց տիկին Թարլանը։— Աստված դրել է նրա սրտի մեջ այն բարենպատակ ցանկությունը, որով նա խնդրում է ձեր սերը։ Աստված նրան ազդել է այն վսեմ հոժարությունը, որով նա խոնարհվում է պսակ կապել մի աղքատ աղջկա հետ։