Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/350

Այս էջը հաստատված է

ազատությամբ ընտրել փեսա, ասել է թե փչացնել, ոչնչացնել նրանց,— պատասխանեց տիկին Թարլանը։

— Օ՜հ, խելքս տանում են այդ ճշմարտաքարոզ խոսքերը,— կրկնեց կեղծավորը։ Դուք, տիկին, խոսում եք իսկ և իսկ Ավետարանի միջից, բայց ներողություն, խնդրեմ, որ մի ամենահարկավոր գործ դժբախտաբար ինձ զրկում է ձեր մեղրաճաշակ զրույցներից, առայժմ մնաք բարյավ։

Տիկին Թարլանից բաժանվելով, պարոն Վասակյանին հանդիպեց Միրզա-Ֆաթալին, որ թանկագին ջորու վրա նստած, գնում էր յուր գյուղը, որ ոչ այնքան հեռի էր քաղաքից։

— Հը՜մ... բարեկամ, ի՞նչ եղավ,— հարցրուց նա,— ես կատարեցի ձեր կամքը, դուք էլ կատարեցեք ձեր խոստումները։

— Անտարակույս, այս րոպեիս գնում եմ Սողոմոն-բեկի մոտ. առավոտյան կստանաք հինգ հարյուր թումանը,— պատասխանեց պարոն Վասակյանը։

— Մնացյալ հինգ հարյուր թումանը, դուք պիտի բաժանեք տեր Մարկոսի՞ հետ։

— Իհարկե։

— Ա՜յ դու սատանա,— կրկնեց Միրզան և յուր ձեռքի մտրակը դեպի նա շարժելով, հեռացավ։

Սատանա բառը Միրզա-Ֆաթալին սովորաբար գործ էր ածում խելոք բառի փոխարեն։

Այնտեղից անցնելով Ռեսը ուղղակի դիմեց դեպի Ավազակյանց իշխանի տունը և գտավ Սոլոմոն-բեկին միայնակ յուր սենյակում։

— Ի՞նչ արեցիք,— հարցրուց Սոլոմոն բեկը։

— Մինչև մի բան չպարգևեք ինձ, չեմ ասի,— պատասխանեց պարոն Վասակյանը, ավելի թանկ ծախելով յուր գիտցածը։

— Թե աստված կսիրես, ասա։

— Էլ Ի՞նչ ասեմ, երկնային ավետիք, որ աստված ուղարկում է յուր հրեշտակների լեզվով, օրիորդ Սալբին այժմ ձերն է...։

— Ուղղո՞րդ, եթե այդպես լինի, ես կավելացնեմ իմ խոստացածի վրա և մի քանի թուման։

— Ճշմարիտ... աստված է վկա, որ սուտ չեմ ասում։

Սոլոմոն-բեկը հափշտակվեցավ հիացմունքով։

— Բայց ժամանակ կորցնել պետք չէ,— կրկնեց Ռեսը.— դուք հրամայեցեք, թե որտեղից կամենում էիք տալ մի հազար թումանը,