Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/360

Այս էջը հաստատված է

էր՝ հաշվելով նրա բնակիչների և չորքոտանիների թիվը և հողերի չափը, որոնց քանակության համեմատ ստացվում էր հարկ։ Դրա համար մելիքը հրամայել է, որքան կարելի է սակավ ցույց տան անասունների թիվը, և հողերի չափելու չվանը սովորականից երկար անեն, որպեսզի արտերը չերևցնեն ավելի տարածություն։ Նա և գնում էր խանի ամբարների ցորյանները, ով որ տեղեկություն ունի այդպիսի առևտուրներից գիտե, որ մեծ չափով առնել, փոքրով վաճառել, որքան օգուտ կբերի վաճառողին։

— Խանին հայտնեցի՞ր այդ լիրբ աղջկա մասին...— հարցրուց մելիքը։

— Հայտնեցի...— պատասխանեց գործակալը։

— Ի՞նչ ասաց։

— Ուրախությամբ ընդունեց։

— Այլևս ի՞նչ խոսեցիք։

Ինչ որ պատվիրած էիք ինձ. առաջին՝ այն հային, որ այժմ կալանավորված է, հայտնեցի, որքան կարող է չարչարե. և քանի կտանջե նրան, այնքան ավելի փող դուրս կգա...։ Երկրորդ՝ թե դուք համոզել եք ժողովրդի ծերերին, որ ավելացվի գյուղացիների գլխահարկը։ Երրորդ հայտնեցի այն իրողությունը, որ պատվիրեցիք, ձեր ու խանի մեջ գաղտնի պահվի...։

— Ապա դուք այն նորեկ հայի մասին ոչինչ չխոսեցի՞ք, որ այնքան փող է բերել Ռուսաստանից։

— Հրամեր եք. ես ասացի թե այդ հայը յուր արծաթից փքվելով խիստ բարձրից է գնում, պետք է սեղմել նրան և հայտնեցի, թե դուք ուսուցել եք մի մարդու, որ բողոքե խանին, իբր նորեկ պարոնը բռնություն էր գործ դրել նրա կնոջը վրա. և մի այդպիսի սուտ ամբաստանություն բավական էր նրանից դուրս քաշելու յուր բերած ոսկիները։

— Խանը ի՞նչ ասաց։

— Հրամայեց, կնոջ այրը շուտ յուր մոտ ուղարկեք։

Մինչ մելիքը այդպես խոսում էր յուր գործակալի հետ, Ռես Վասակյանը ներս մտավ Նազլու խանումի մոտ և հայտնեց նրա որդու երկյուղալի հիվանդությունը։ Բայց մայրական սիրտը՝ յուր բոլոր թուլությամբ՝ առավել փափուկ և գթառատ է։ Նա շուտով զիջավ յուր բարկությունից, և առանց ժամանակ կորցնելու, մտավ որդու սենյակը։ Խղճալի մայրը զարհուրեցավ, երբ տեսավ յուր որդու մեռելատիպ երեսը։ Միևնույն ժամանակ հավաքվեցան այնտեղ և նրանց բարեկամ կանայք, բոլորեցին հիվանդի շուրջը։