Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/363

Այս էջը հաստատված է

միթե ես նրանցից պակա՞ս էի,— պատասխանեց ծիծաղելով պարոն Ռուստամը։

Պարոն Աշխարունին սկսեց երկար հարցուփորձ անել այն տարվա արոտների մասին, ոչխարների մասին, նա մի առ մի հարցնում էր գյուղացիների առողջությունը։ Բայց պարոն Ռուստամը միշտ տալիս էր կարճ և անորոշ պատասխաններ։ Նրա միտքը այն րոպեին օրիորդ Սալբիի մոտ էր։

— Դուք լսե՞լ եք, Ռուստամ, Հովասաբենց մասին մի բան,— հարցրուց պարոն Մելիքզադեն։

— Հա, լսել եմ, Միրզա-Ֆաթալին տիրել է նրանց ժառանգությունները և Սոլոմոն-բեկը կամենում է պսակվիլ օրիորդ Սալբիի հետ,— պատասխանեց պարոն Ռուստամը կատականոք։

— Ես չէի կարծում տիկին Թարլանի կողմից մի այդպիսի հիմարություն,— խոսեց պարոն Աշխարունին,— որ նա յուր փառասիրության համար ցանկանար ավերել յուր ամուսնի ուխտը։

— Ինչո՞ւ համար չեք կարծելու,— նրա խոսքը կտրեց Խոսրովը,— կանանց սեռի փոփոխամտությունից և մանավանդ նրանց թուլությունից ամեն բան կարծելի է։

— Մինչև ա՞յդ աստիճան։

— Բանը իրավ, աստիճանից է կախ, աշխարհի աչքերը միշտ հարգությամբ նայում են դեպ աստիճանները։

— Ի՞նչպես։

— Այնպես որ, մեզ հայտնի է՝ տիկին Թարլանը մի աղքատիկ կնիկ է։

Պարոն Ռուստամը լուռ ականջ էր դնում։

— Եթե տիկին Թարլանը ընդդեմ յուր աղջկա կամքին կգործեր մի այդպիսի ուխտազանցություն, հայնժամ ես կբողոքեի հոգևոր կառավարությանը,— կրկնեց պարոն Ռուստամը։

— Այ եղբայր, որքան պարզամիտ եք դուք,— նրան պատասխանեց պարոն Խոսրովը.— միթե չե՞ք գիտում, որ հոգևոր կառավարության շունչը, հոգին՝ մելիքի քսակի մեջն է։

— Ի՞նչպես,— հարցրուց պարոն Ռուստամը ավելի տհաճությամբ։

— Այնպես որ, երբ մի մարդ մի ուրիշի ձեռքով գործում էր մեղք, նա նրա ծառան է։ Այժմ մտածեցեք, մեր հոգևոր կառավարությունը որքան ավազակություններ, որքան գողություններ, որքան անիրավություններ գործել է մելիքի ձեռքով։ Եվ եթե գիտեք, հոգևոր կառավարությունն էր, որ բարեկենդանին արգելեց քո պսակը.