Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/364

Այս էջը հաստատված է

երևում է, այդ գործի մեջ Ավազակենց հետ խորհրդակից են և սևագլուխները։

Պարոն Ռուստամը դարձյալ լուռ կացավ։

— Ի՞նչ պետք է արած,— հարցրուց պարոն Աշխարունին յուր սովորական հանդարտությամբ։

— Որպես ես մտածում եմ, պարոն Ռուստամի պսակվելու գործը օրիորդ Սալբիին հետ՝ ազատ չէ վտանգներից,— խոսեց պարոն Խոսրով Մելիքզադեն։ Ես գիտեմ որ հայոց բոլոր քահանաները հրաժարվելու են այդ պսակը կատարելուց, և այդպիսի հանգամանքներում պետք է վարվել այնպես, որպես ես արժան տեսա երեք ամիս դրանից առաջ, այսինքն առանց քահանայի՝ մեր ձեռքով պսակել։

— Ահա այդ տեղից են սկիզբն առել հայերի մեջ բաժանմունքները, կաթոլիկների, պրոտեստանտների և այլն,— պատասխանեց Արամը։— Երբ մի հայ մի փոքր ընդդիմացել է հայ հոգևորականի կամքին, նա, իսկույն փոխանակ քրիստոնեական եղբայրասիրությամբ նրա սիրտը ամոքելու և նրա հետ հաշտվելու հրաժարեցնում է յուր եկեղեցուց, չկատարելով նրա հոգևոր պիտույքները: Եվ խղճալի հայը, ճարահատյալ դիմում է դեպի մի այլ եկեղեցի, մտնում է նրա ծոցը, ընդունում է այլ անուն... և այդպես, մեր չար եկեղեցականների հիմարությամբ, ամեն տարի որքան հոգիներ կորչում են, անհետանում են և կուլ են գնում մյուս ազգերի անդնդում...։

Նույն ժամանակ ներս մտավ մահտեսի Ավետիսը, նրան արժանավոր ընդունելություն ցույց տվին, նստեց։

Բայց նույն միջոցին, երբ մանուկ տղամարդիկը, տաքացած էին խոսակցությամբ, դրսից մի բան քանի անգամ զարկվեցավ լուսամուտի ապակիներին։ Նրանք՝ կարծելով թե քամին շարժեց պատուհանները, ուշադրություն չդարձրին։

— Ապա ի՞նչ պետք է արած — հարցրուց պարոն Մելիքզադեն։

— Եղբայրը, մենք մի բանի հիմքը դրել ենք այդ երկրում,— խոսեց պարոն Արամը,— պետք է նույն հիման վրա, նույն ուղղությամբ բարձրանա շինվածքը։ Մեր դիտավորությունն այն չէ այստեղ ազգի մեջ հերձված գցել, նոր կրոնք բաժանել, և նրանց սերն ու միաբանությունը խռովել։ Եվ ոչ մեր նպատակն այն է, մի նոր անուն ընդունել մեր վրա, բայց մի փոքր զտելով հայոց կրոնքը յուր պղտորություններից, մնանք դարձյալ հայ, սիրելով մեր ազգը, մեր պատմությունը և մեր հայրենիքը։ Տեսնենք, եթե այդ գործի մեջ տեղիս եկեղեցական հարք կսկսեին մեզ հետ հակառակիլ, մենք