Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/367

Այս էջը հաստատված է

— Ուրեմն դուք բացի ինձանից ոչ ոք չե՞ք սիրում։

— Ես բացի ձեզանից ուրիշները պատվում եմ։

Պարոն Ռուստամը լուռ եղավ և երկու կողմից առժամանակ տիրեց լռությունը։

— Ուրեմն Սոլոմոն-բեկը ի՞նչ խելքով մտածել է յուր արծաթով գնել ձեզ,— հարցրուց պարոն Ռուստամը։

— Եվ ձեր մայրը ի՞նչ իրավունքով կամենում է անել մի այդպիսի վաճառականություն։

Օրիորդ Սալբին պատասխան չտվավ։

— Եթե ձեզ կանեին վաճառքի նյութ,— առաջ տարավ պարոն Ռուստամը,— ձեզ գնելու իրավունքը առավել հասնում է ինձ, որովհետև հառաջագույն ես իմ ձեռքս դրած եմ ձեզ վրա։

— Միթե դուք ունի՞ք այնքան փող,— հարցրուց օրիորդ Սալբին։

— Թեպետ ես չունիմ այնքան փող, բայց կարող էի Միրզա-Ֆաթալիից խնդրել մի ժամանակ, մինչև ես կգնայի օտար աշխարհներ և կվաստակեի այնքան արծաթ, որով կարողանայի հատուցանել ձեր հանգուցյալ հոր պարտքը, միայն թե դուք հավատարիմ մնայիք դեպ ինձ, և չփոխեիք ձեր սերը, մինչև իմ գալուստը:

— Արդարև, դուք կլինեիք երկրորդ Աշըղ-Ղարիբը,— պատասխանեց օրիորդը ժպտալով։

Պարոն Ռուստամը կարմրեցավ ամոթից։

— Ռուստամ, հոգիս,— շարունակեց նա,— իրավ որ սերը գիժեցնում է... ինչո՞ւ դուք խոսում եք այսպես տղայաբար։ Դիցուք թե Միրզա-Ֆաթալին տիրել է այն ժառանգությունները, որ թողել է իմ հայրը։ Այդ ինձ ի՞նչ փույթ։ Դրա վրա թող տրտմի իմ մայրը։ Այդ անցքը ինձ չէր վերաբերում։ Բայց եթե կհաջողեր աստված և մի օր տիրոջ օրենքով իմ անձս կկապվեր քոնի հետ, այնուհետև, որքան կտևեր մեր կյանքը, թե բարեբախտությունը և թե դժբախտությունը՝ ամենևին զանազանություն չէր անելու մեզ համար, որովհետև, դրանց երկուսին մենք բաժանորդ կլինեինք միասին։

— Ախ, Սալբի, ձեր խոսքերը մահացնում են ինձ,— կրկնեց պարոն Ռուստամը,— միթե ես այնքան աղքա՞տ եմ, որ չեմ կարող վայելուչ կերպով պահպանել ձեզ։

— Դարձյալ խոսում եք որպես երեխա, Ռուստամ, մեր կյանքը ի՞նչ մի արժեքավոր բան է, որ պետք լինի նրա ապրուստի համար մտածել։ Միայն իրողությունը, որ պետք է ամուսնական կյանքի համար, չէ ոսկի, չէ արծաթ, չէ թանկագին քարեր— միակ իրողությունը՝