Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/370

Այս էջը հաստատված է

հասցնում էր մահճի վերմակին, մտածելով, թե նրա տակին քնած էր մարդ: Նրա մանուկ սրտի անհամբերությունը թույլ չտվավ նրան երկար մտածել: Նա շուտով բաց արավ դուռը, ներս մտավ և աննկարագրելի արագությամբ՝ հարձակվեցավ ավազակի վրա, և հետքից պինդ բռնեց նրա թևքերը: Ավազակը, ոչ այնքան պարոն Ռուստամի անհամեմատ ուժից, որքան մի այդպիսի հանկարծակի հափշտակվիլն գերբնական զորությունների ընծայելով, իսկույն թուլացավ և տարածվեցավ հատակի վրա մի քաջ հերոսի ծնկների տակ: Նա շուտով կապեց նրա թևքերը և ոտքերը, զենքերն առավ, սկսեց հարցնել.

— Ասա, չարագործ, դու ի՞նչ նպատակով եկել էիր այստեղ։

— Ես եկել էի քեզ սպանելու համար,— պատասխանեց ավազակը աներկյուղ համարձակությամբ։

— Ի՞նչ թշնամություն ունեիր ինձ հետ, չէ որ ես քեզ ոչինչ վատություն չեմ արած։

— Այդ ստույգ է, բայց ես կատարում եմ մի այլ մարդու՝ քո թշնամու կամքը։

— Ո՞վ է այն մարդը, ուղղորդն ասա, եթե ոչ կսպանեմ քեզ։

— Ես կասեմ քեզ, թե ով է նա, ոչ այնքան երկյուղ կրելով քո սպառնալիքից, որքան պատիվ դնելով քո քաջությանը և տղամարդությանը, որով ընկած եմ ես այդ հատակի վրա։ Իրավ, ոչ ոք մինչև այսօր չէ զարկել իմ կողքը գետնին... բայց ես ուրախ եմ, որ հանգամանքները այնպես բերեցին, որ իմ ձեռքը չթաթախվեցավ ձեր արյունով։

— Պատմիր, երկար մի խոսիր, կեղծավոր, ես լավ կճանաչեմ ձեր ազգի հոգին։

— Դուք ունիք մի ամենավտանգավոր թշնամի՝ Ավազակյանց Սոլոմոն-բեկը, նա ամենասաստիկ կերպով խելագարված է ձեր նշանածի՝ օրիորդ Սալբիի սիրով։ Բայց այդ սերը ընդդեմ լինելով նրա հոր մելիքի կամքին, և կամենալով հեռացնել յուր որդին մի այդպիսի ցանկությունից, մտածել է նա կորուսանել, որպես քեզ, նույնպես և օրիորդ Սալբին։ Դրա համար այս գիշեր կանչեց ինձ յուր մոտ— «Ապպաս, ասաց նա ինձ, առանց ժամանակ կորուսանելու կմտնես տեր֊Առաքելենց Ռուստամի քնարանը և նրա կտրած գլուխը կբերես ինձ, որի փոխարեն ես կտամ քեզ լի բուռով ոսկիներ, մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...»։

— Ի՞նչ հարաբերություն կար քո և մելիքի մեջ, որ դու հանձն ես առել գործել մի այդպիսի չար դավաճանություն, միթե միմիայն