Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/371

Այս էջը հաստատված է

ոսկիների՞ համար,— հարցրուց պարոն Ռուստամը զարմանալով։

— Ո՛չ, թե ոսկի ևս չլիներ, դարձյալ ես պարտավորված էի կատարել նրա կամքը։ Մենք ավազակներ ենք թվով ավելի քան տասն, որ ծառայում ենք մելիքին։ Բոլոր Ասիան կողոպտում ենք և լցնում նրա տունը։ Մելիքը գաղտնի կերպով վաճառում է մեր կողոպուտները և հարկավորված ժամանակ արծաթը տալիս է մեզ։ Մեր ձեռքով նա ժողովել է յուր այնքան մեծ հարստությունը։ Բայց երբ պատահում էր, մեզանից մինը կալանավորված էր տերությունից, ուր որ լիներ այդ, մելիքը անհուն գումարներ գործի է դնում մեզ ազատելու համար. այդ պատճառով, մենք միշտ կարոտություն ունինք նրան, որ յուր ձեռքում ունի երկու զորություն՝ արծաթ և իշխանություն։

— Մելիքը վաղո՞ւց պարապվում է այդ արհեստով։

— Վաղուց... մենք շուտուց ճանաչում ենք նրան, համարյա նրա երեխայությունից...— պատասխանեց ավազակը խորհրդական ձայնով: Պարոն, դուք մի նայիք նրա երևելի բարեպաշտությանը, դա մի շատ վտանգավոր մարդ է։ Երբ մի մարդու նա կամեր վրեժխնդիր լինել, նրա տունը կողոպտել է տալիս, նրա վիզը կտրել է տալիս, նրա կինը և աղջիկները խայտառակել է տալիս...։ Իսկ առավոտյան ինքը իբրև թե ոչինչ բանից լուր չունի, սկսում է որոնել գողը...:

— Նա յուր այդպիսի չարությունները գործ է դնում և հայերի՞ վրա:

— Նրա համար ոչինչ զանազանություն չունի, թե հայ, թե թուրք և թե ջհուդ՝ բոլորը մի են։

«Խեղճ հայեր, բավական չէ որ ուրիշները կողոպտում են ձեզ. և ձեր գլխավորները, ձեր իշխանները՝ ձեր մարմնին ցեց են դարձել...»։ Նա ընկղմեցավ խորին մտածությունների մեջ. մինչև այսօր չէր լսել մի այդպիսի բան մելիքի մասին։

— Ես, պարոն,— խոսեց ավազակը.— ես չարագործ մեկն եմ. ինձ ներելի է, որ հանձն եմ առել քեզ սպանելու պաշտոնը, բայց դուք ձեր մեծահոգությամբ ներեցեք ինձ, առանց պատժի արձակելով ինձ։

— Ես բաշխեցի քո պատիժը քո ուղիղ խոստովանությանը,— ասաց պարոն Ռուստամը, և սկսեց բաց անել նրա կապանքները։

— Ես ուխտ եմ դնում այսուհետև միշտ մնալ ձեզ հավատարիմ բարեկամ,— կրկնեց ավազակը։