Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/372

Այս էջը հաստատված է

— Քո բարեկամությունը ինձ պետք չէ, միայն լավ է, որ դու ուխտես թողուլ քո այժմյան արհեստը։ Որովհետև, քանի դու պարապվում ես չար գործերով, ի՞նչ հավատարմություն կարող է լինել քո բարեկամության մեջ։

— Լութիները (սրիկաները) նույնպես ունին իրանց հատուկ օրենքը և ճշմարտությունը։ Գիտե՞ք, այսուհետև Ավազակյանք չեն թողնելու իրանց չար խորհուրդները, որպես քո, նույնպես և օրիորդ Սալբիի կյանքի դեմ որոգայթներ լարելու, և բոլոր այդ գործերի մեջ գործակատար լինելու ենք ես, իմ ընկերների հետ։ Երդվում եմ ես Ապութալեպի որդի Ալիի անունով, միշտ հավատարիմ լինել ձեզ, միշտ հայտնելով ձեզ նրանց դավաճանությունները, և հարկավորած ժամանակ, չխնայել իմ ծառայությունները գործիքով —իմ սրով։

— Դե՛, վեր կաց,— ասաց Ռուստամը,— առ զենքերդ, հեռացիր. քանի մութ է, ոչ ոք չէ տեսնելու քեզ։

Սրիկան գոհունակությամբ համբուրեց յուր բարերարի ձեռքը և հեռացավ։

Պարոն Ռուստամի քունը փախավ աչքերից. զանազան խառն մտածմունքներ պաշարեցին նրան, նա հիշեց սրիկայի խոսքը, որ ասել էր նրան մելիքը։ «Ապպաս, կմտնես տեր֊Առաքելենց Ռուստամի քնարանը... նրա կտրած գլուխը կբերես ինձ... մինչև առավոտյան կմտածեինք և օրիորդ Սալբիի համար...:»

Քաջասիրտ տղամարդը, որին երկյուղ ասած բանը անծանոթ էր՝ սկսեց վախենալ, և վախենալ ոչ թե յուր մասին, այլ յուր սիրուհու համար։ Նա հաստատ որոշեց յուր մտքում, առավոտյան հրաժարական ողջույն տալ յուր բարեկամներին և երեկոյան գաղտնի դուրս գալ Ծաղկավանից։

— Նա մոտեցավ գրասեղանին, սկսեց գրել այդ նամակը յուր բարեկամին, որ թողել էր սարում իրան տեղապահ։

«Ազնիվ բարեկամ Պարոն Վ...»

«Ես մի քանի օրվա համար, խաշնարածների վերատեսչությունը ձեզ հանձնելով, եկա տուն, հույս ունենալով թե շուտով կդառնամ դեպի ձեզ։ Բայց հանգամանքները, ընդդեմ իմ կամքին, փոխեցին նպատակս, և ես ստիպված եմ խնդրել ձեզ, այս տարի մինչև վերջը հանձն առնել այդ նեղությունը։

«Սիրելի Վ... «խորհուրդ մարդկան—կամք աստուծո», ասում են գրագետները.—«Մարդի ասած-աստծո լսած»,-ասում է առածը: