Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/375

Այս էջը հաստատված է

— է՜հ, եղբայր,— պատասխանեց Մարտիրոսը...— «Գողը որ տանից լինի, եզն երդիկից կհանե»։— «Ծառի որդը իրանից չլինի, հազար տարի կապրե»։— «Մեր գողն մեր տանից է, մեր որդն մեր ջանիցն է...»։

— Ո՞վ եք կարծում, որ լիներ աչդ անաստվածը։

— Միթե չե՞ք ճանաչում մեր գյուղի չարության դևը, ո՞վ պիտի լինի, եթե ոչ մելիքը, խանի հետ խոսքերը մին են արած՝ խեղճ գյուղացիների տուները քանդում են։

— Այդպես է, եղբայր, երկու սատանա երբ միացան, աշխարհս մատի վրա պտույտ կտան։ Բայց ասա, խնդրեմ, ի՞նչ առիթ ուներ մելիքը այդպիսի անիրավություն գործելու։

— Որպես ես լսեցի, անցյալ օր մարդիկ խոսում էին, թե Սոլոմոն֊բեկը միտք ուներ Հովասաբենց աղջիկը իրան կին առնուլ։ Նրա մի այդպիսի ցանկությունը ընդդեմ էր հոր կամքին, և կամենալով հեռացնել յուր որդուց մի այդպիսի միտք՝ մելիքը մատնել է օրիորդ Սալբին, որով մի կողմից Սոլոմոն֊բեկը կզրկվի յուր սիրուհուց, մյուս կողմից՝ խանին մեծ ծառայություն արած կլինի մելիքը։

— Աստված քեզ մի պատիժ չտա, մելիք Պիլատոս,— կրկնեց Խաչատուրը վշտանալով,— ի՞նչ ասել է Լուսավորչյա լույս հավատը կորցնել և Քրիստոսի անմեղ գառը գայլերի բերանը գցել։

Մելիք Ավազակյանցի ընդարձակ դահլիճում զարդարած պարսկական ամենաշռայլ և զեխ ախորժակով, խանը, մեջքը տված մախմուրի փափուկ բարձերին, նստած էր մի թանկագին օթոցի վրա, ասղնագործած ոսկի թելերով։ Նրա գեղեցիկ մանկլավիկները, փառավոր հագնված, ձեռքերը կուրծքի վրա փակած, կանգնել էին խանի առջև և զգուշությամբ սպասում էին նրա հրամաններին։ Նրանցից մի փոքր հեռու, նույնպես ոտքի վրա, ձեռքերը սրտին դրած, ստրկական հնազանդությամբ, կանգնել է մելիքը, յուր հաստ ահագին մարմնով։ Բացի դրանցից դահլիճի մեջ ոչ ոք հրաման չուներ կանգնել խանի աոջև։ Բայց բակումը, դահլիճի բաց արած լուսամուտների հանդեպ, կանգնած են վարոցավոր ֆերրաշները, և նրա մյուս ծառաները, ղաջարի երկայն գդակներով և լեզգու խանչալներով։

Ֆերրաշներից շատ հեռու, բակի մեջ, բոբիկ[1] ոտքերով, լուռ և անձայն, որպես անշունչ էակներ, իրանց ձեռքերը փակած, խառնիխուռն,

  1. Պարսից փառասեր իշխանները, իրանց դնելով այն էակի տեղ, որ մորենու միջից ձայն տվեց մարգարեին.-«արձակիր կոշիկներդ» — երբեք թույլ տված չեն նրանց նպատակներից մեկին ոտքի ամաններով մերձենալ նրանց: