Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/381

Այս էջը հաստատված է

ոտքով այնպես սաստիկ զարկեց մանկլավիկի փորին, մինչ նա գլորվեցավ և հինգ քայլ հեռու վեր ընկավ գետնի վրա։

Երբ բոլորովին կալանավորված էր նա, ուխտազանց պարսիկը հրամայեց յուր ծառաներին, ամեն մեկը մի թափանչա արձակեն նրա վրա։ Խեղճ Ռուստամի մահը հասած էր։ Այնքան բազմաթիվ հայերից ոչ ոք չօգնեց նրան։ Բոլորը, ահից, երկյուղից, սասանված, չորացած, սառն աչքերով նայում էին այդ ցավալի հանդեսի վրա։ Եվ ոմանք շատ ուրախ էին, որ սպանվում է մի այնպիսի գոռոզ և հպարտ տղամարդ, որ չգիտեր չափ դնել յուր լեզվին։

Բայց մահտեսի Ավետիսը, խանի ոտքերն ընկնելով, նրա սոլերը համբուրելով, լալով ասաց.— ողորմած խան բաշխիր ծերունի հորը, մի սպանիր իմ որդիս, աստված չի ընդունիլ այդ, դուք խոստացաք բաշխել նրա հանցանքը, դրա համար ես զինաթափ արեցի նրան... այդ մի տղամարդություն չէ հարձակվիլ անզեն մարդի վրա, ողորմիր իմ ալիքներիս, այժմ անձնատուր է իմ որդին, արժան չէ այլևս սպանել նրան... նա դեռ մանուկ է, նրա խելքը հասուն չէ, խղճա ողորմելի հորը, քո ծառային, մի սպանիր իմ որդին։

— Դա մանուկ է, այո,— խոսեց խանը գլուխը շարժելով․— դա օձի ձագ է, երբ մեծանա, վիշապ կդառնա... սպանեք, ասում եմ, հրամայեց ֆերրաշներին։

Հանկարծ բոլոր բազմությանը տիրեց զարհուրելի սարսափ, յոթն հսկայաձև տղամարդիկ, կայծակի արագությամբ, մերկացուցած թրերը ձեռքերում, հարձակվեցան ֆերըաշների վրա։

— Թող տվեք դրան,— գոռաց ամպի որոտի ձայնով նրանցից մինը,— թող տվեք, ասում եմ ձեզ, եթե ոչ, բոլորիդ կմորթեմ այս րոպեիս, դրանց մինն էր պարոն Խոսրով Մելիքզադեն։

Ֆերրաշները զարհուրեցան երկյուղից, տեսնելով Ապպասլութին և նրա ավազակ ընկերները, որոնց քաջությունը և արյունախում բնավորությունը բոլորին հայտնի էր։ Խանը, որ բնությամբ մի վախկոտ մարդ էր, ավելի երկյուղ կրեց՝ մտածելով, թե ոչ միայն ինքն կամ յուր ծառաներն կարող չէին ընդդիմություն գործել նրան, այլև, այն վտանգավոր սրիկան, սպանելով բոլորին, մի գիշեր կկտրեր և յուր որդիների գլուխները։ Այդ պատճառով նա, ընդունելով ավելի հանդարտ կերպարանք, խոսեց—Ապպաս, դու գիտես, ես սիրում եմ քեզ իմ որդիներից առավել, բայց մտածիր, այդ նզովյալը որքան վշտացրել է ինձ։ Նա վիրավորել է իմ ծառաներից երեքին, որ անտարակույս կմեռնին, իրավունք չէ, մի այդպիսի հանցավորը անպատիժ մնա։ Որովհետև ես իմ կյանքում