Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/391

Այս էջը հաստատված է

— Դուք մի քնեք, բայց և մի մոռանաք ինձ շուտ զարթեցնել ես կամիմ մի փոքր հանգստանալ:

— Լսում եմ, աղա։

Պարոն Ռուստամը, յուր ճանապարհորդության բոլոր պատրաստությունները կարգի դնելեն հետո, որովհետև այն օրը խիստ շատ հոգնած էր, այնպես յուր ճանապարհի զգեստով գլուխը բարձին դրեց, չուշացավ և քունը շուտով թափեց նրա վրա յուր թմրության բաժակը։

Բայց երանի թե նա քնած չլիներ... այդ դժբախտ քունը պատճառ եղավ նրա կորստյան։ Հանկարծ մի քանի հոգի մտան նրա սենյակը, և գտնելով նրան բոլորովին անզգա քնած, հափշտակեցին նրան յուր մահճի միջից...:

Հասավ նշանակյալ ժամը։ Օրիորդ Սալրին միայնակ սպասում էր ավեր ջրաղացի մոտ։ Այնքան երկար սպասեց նա, մինչև արևը ցոլացրուց յուր ճառագայթները նրա երեսի վրա, բայց տակավին պարոն Ռուստամը չեկավ...։

Հետ դառնալով դեպի գյուղը, նա տեսավ բոլոր գյուղացիները հավաքված տեր-Առաքելենց դռանը։ Խղճալի օրիորդը իսկույն աս կացավ, թև պատահել է մի օտարոտի անցք։ Հասնելով ծերունի Մկրտչի տունը, օրիորդ Նազանին արտասուքը աչքերում, պատմեց նրան.— Գիտեիք, ինչ է պատահել, Սալբի, այս գիշեր պարոն Ռուստամին հափշտակել են յուր սենյակից, գյուղացիները նրա արյունոտ հագուստը գտել են հեռու, Աղվանա սարերում...։

Կայծակի հարված ունեցավ այդ բոթաբեր լուրը խեղճ օրիորդի սրտին, նա շփոթվեցավ... խելքից գնաց... ուշաթափ եղավ...

Աստված իմ, աստված, բարերար աստված,
Ամեն քաղցրության լեղի ես խառնած.
Աստված իմ հզոր, միշտ հանապազօր՝
Խավա՞ր պիտ անես անմեղներու օր։

Ինչո՞ւ ոչ չարը, այլ խեղճ անճարը՝
Բար օր տեսնելու՝ չունենա չարա։
Անօրենն յուր գահեն՝ խլում չէ գեհեն,
Միշտ արդա՞ր Աբել պիտ սարսի քո ահեն։

Ափսոս չէ՞ վարդը. — սիրուն զվարթը.
Դեղնի, թառամի,— ծաղկոցի զարդը.