Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/40

Այս էջը հաստատված է

Հայ կղերն ու եկեղեցին «Կայծերում» դատապարտված են իրրև ժողովրդի և ազգային ազատագրական շարժման թշնամիներ։ Հայ վաճառականությունը նույնպես․ «վաճառականը ազգ և հայրենիք չունի, նրա հայրենիքն այնտեղ է, որտեղ են նրա շահերը»[1]։ Հայ ֆեոդալական բոլոր վերնախավերը գործակցում են պարսիկ և թուրք ֆեոդալներին և ժողովրդի թշնամիներ են։

Ահա ինչու Րաֆֆու ստեղծած հերոսները կապված են գերազանցապես գյուղացու հետ և նրա վրա են հենվում։

«Կայծերը» վեպում Րաֆֆին առաջադիմում է գյուղացիական հարցում, ավելի շատ ընդգծում գյուղացու դերն ու նշանակությունը։ «Աշխատանք և հող» գլխում, «Մի գյուղ Ռշտունյանց աշխարհից» նկարագրության մեջ, վեպի երկու հատորի բոլոր մասերում հեղինակը շարունակ անդրադառնում է գյուղին, գյուղացուն և թե՛ Կարոյի երազի և թե՛ Ասլանի դատողություններով, Հասոյի կերպարով և այլն, շեշտում է ազատագրական շարժման գյուղացիական հիմքը։ Այդպես նոր ուժով հրապարակ եկան հեղինակի դեմոկրատական տենդենցները, որոնք կատաղության հասցրին ամբողջ ռեակցիոն բանակը։

Չերնիշևսկու և Նալբանդյանի Րաֆֆու վրա ունեցած ազդեցության արդյունք են Ֆարհատին ներշնչվող Կարոյի այս դատողությունները.—«...Գյուղացու վիճակը կարող է ավելի բարվոք լինել, եթե հասարակությունը ուրիշ ձևով կազմակերպված կլինի։ Նա ասում էր, թե այն ժամանակ չարություն չի լինի, բոլոր մարդիկ բարի կլինեն, ամենի ապրուստը ապահովված կլինի, աղաների դարը կանցնե, կտիրե միայն արդարությունը և իրավունքը։ Նա երկար ու երկար մեկնում էր, թե ի՛նչ ձևով հասարակությունը պետք է կազմակերպել, որ զորեղն անզորին չճնշե, որ մշակ մարդու աշխատության վաստակը չխլեն, և նա միշտ իր տանը ուտելու հաց ունենա, և ամենի վրա տիրե հավասարությունը...»[2]։

Փոխել «հասարակության վատ կազմակերպությունը և այն ժամանակ նրա անդամները բոլորը լավ մարդիկ կլինեն»,- մտածում էր Րաֆֆին։

Հասարակության նոր կազմակերպության պրոբլեմը ասպարեզ բերող Րաֆֆին և նրա սիրելի հերոսները դնում են հայ ժողովրդին ինքնագիտակցության հասցնելու և նրան շարժման մղելու հարցը։ Վիպասանն ու նրա դրական հերոսները «Խենթում», «Ջալալեդդինում», «Դավիթ֊բեկում» կրքոտ, անզուսպ, հարձակումներ են անում խոնարհության և ստրկամտության դեմ, իրականության հետ հաշտվելու ռեակցիոն մտայնության դեմ։ «Ոչխարներ», «ստրուկներ», «աղտեղանք» և նման սուր արտահայտություններով են խոսում Րաֆֆին և նրա հերոսները ամեն անգամ, երբ բախվում են անշարժության ու խոնարհության հետ։ Իրենց քննադատական կիրքը նրանք դրսևորում են նաև վրացական կյանքի որոշ երևույթների նկատմամբ։ Վարկաբեկո՞ւմ է արդյոք Րաֆֆին հայ ժողովրդին, երբ անհաշտ քննադատության է ենթարկում իրականությունը և պահանջում է արթնանալ, առաջադիմել և հասնել ազատության։ Ո՛չ, վիպասանը ջերմ հայրենասեր է. «Ա՜խ, հոգիս դուրս գա նորա համար»,- Աբովյանի նման բացականչում է Րաֆֆին, իր սերը տալով հայ ժողովրդին և հայրենիքին։ Վառ հայրենասիրության մեծագույն վկայություններն են նույն «Խենթը», «Ջալալեդդինը»,

«Կայծերը», նաև «Պարույր Հայկազնը», «Սամվելը»։ Րաֆֆուն իբր «ազգի վարկաբեկիչ»

  1. Րաֆֆի, Երկերի ժողովածու, չորրորդ հատոր, էջ 484, Երևան, Հայպետհրատ, 1956 թ.:
  2. Նույն տեղը, էջ 389