Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/404

Այս էջը հաստատված է

— Թո՛ղ Քաբայի աստվածը վկա լինի, ես խոստանում եմ Մարջան, քեզ արձակել,— ասաց նա։

Խափշիկի կոկ և փայլուն թշերը ցնցվեցան ուրախության ժպիտով և նրա սադաֆի նման սպիտակ ատամներն ավելի գեղեցիկ կերպով երևացին փոքր-ինչ ուռած շրթունքի միջից։

— Թո՛ղ Լեյլիի և Շիրինի աստվածը քեզ օգնական լինի, — ասաց նա խորին հրճվանքով։ Իսկ Զեյնաբ-խանումը, չնայելով յուր բոլոր հոգեկան բերկրանքին, անհանգիստ մտատանջության մեջ էր։

— Բայց դու երդվիր, Մարջան, որ այդ բանը գաղտնիք կմնա մեր մեջ։

— Թո՛ղ իմամ-Հուսեյնի խենջար զարկողներից մինը լինի թո՛ղ Օմարի դասումը դասվի Մարջանն, եթե յուր տիկնոջը հավատարիմ չմնա,— երդվեց խափշիկը։

— Այժմ ասա՛, ի՞նչ հնարքով կարող ես նրան այստեղ բերել։ Խափշիկը դարձյալ ծիծաղել սկսեց, կարծես նրանից հարցնում էին մի ամենահասարակ բան։

— Իմ տիկինը դեռ չգիտե հարեմխանայի գաղտնիքները,— ասաց նա,— բայց Մարջանը կատվի նման ամեն ծակ ու ծուկ մտնում է և ամեն բան իմանում է։ Նա գիտե, թե ի՛նչպես պետք է բերել։

— Բայց դու ճանաչում ես Հեյդարին,— այդպես էր ներքինապետի անունը․— այդ հին դևն ավելի խորամանկ է, քան Իբլիսը նրա աչքերից ոչինչ բան չէ կարելի թաքցնել։ Այդ անկարելի է Մարջան, նա հարեմխանան չէ կարող մտնել․․․ — ասաց Զեյնաբ-խանումը կրկին հուսահատվելով։

— Բայց ի՞նչ կասե իմ տիկինն, երբ Մարջանն նրան նույնիսկ Հեյդարի առջևից կբերե, և Հեյդարն յուր աչքերով կտեսնե, երբ նա կմտնե քո սենյակը, և ոչինչ չի հասկանա։

Խափշիկն այդ խոսքերն ասելու միջոցին այնպես հանդարտ էր, մինչև նա դրգռեց Զեյնաբ֊խանում ի սնահավատությունը․— դու կատարյալ կախարդ ես, Մարջան․․․ երևի դու ծանոթ ես Իսմազամին [1], — հարցրուց նա ծիծաղելով։

— Թող իմ տիկինն յուր ստրկուհու վրա չծիծաղի,— պատասխանեց խափշիկը փայլուն աչքերը դարձնելով դեպի յուր տիրուհին։—

  1. Իսմ-ազամ նշանակում է գերագույն անուն-Բարձրագույն էակի իսկական անունը, որին ծանոթ եղողը, եթե հիշե, կարող է մարդկանց տեաությունից, աներևույթ մնալ: