Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/410

Այս էջը հաստատված է

Ե

Արևը սկսել էր խոնարհվել դեպի յուր գիշերային մուտքը։ Ամրոցի բարձր պատերի ստվերը հետզհետե լայնանում էր բակերի վրա։ Իսկ երեկոյան մեղմիկ զեփյուռը ոգի էր ներշնչում ցերեկվա տոթից թուլացած տերևներին։

Հարեմական ծառաների խումբը՝ սև ստրուկներ, ալևոր ծերունիք, փոքրիկ պատանյակներ — բոլորը հարեմների անվտանգ մարդիկ,— որը բակն էր ավելում, որն ավազաններից ջուր էր կրում և որը ցնցուղներով սրսկում էր սալահատակների և ծաղիկների վրա։ Նրանց մոտ կանգնած էր մի բարձրահասակ մարդ՝ լղարիկ կազմվածքով, բոլորովին լերկ ու թառամած երեսով և սպառնալից աչքերով։ Նա հրամաններ էր տալիս աշխատողների խմբին։ Նրա պատշաճավոր հագուստը, գոտկումը խրած ղաջարյան դաշնակն որոշում էր նրան մյուս ծառաներից․ դա ներքինապետ Հեյդարն էր։

Մարջանը, բոլորովին կազմած գլխումը յուր տիրուհու նպատակին ծառայող գաղափարի ծրագիրը, դուրս եկավ հովանոցից, երբ նրան հանդիպեց Հեյդարը։

— Ի՞նչ է պատահել քո տիկնոջ հետ, քանի օր է նա չէ երևում,— հարցրուց ներքինապետը։

— Ա՜խ, մի՛ հարցներ, Հեյդար...— պատասխանեց խափշիկը տալով յուր ձայնին խիստ ցավալի արտասանություն։— Մարգարեների մեծը թող օգնե նրան, իմ տիրուհին ողորմելի դրության մեջ է...

— Ի՞նչ է, հիվա՞նդ է,— հարցրուց ներքինապետը զարհուրելով։

— Երանի՛ թե հիվանդ լիներ.․․— առաջ տարավ խափշիկը, նա տանջվում է չար ոգիներից։

— Չար ոգիների՞ց,— կրկնեց Հեյդարն ավելի սարսափելով։— Ո՛վ գթած և ողորմած ալլահ...

— Այո՛, բարի Հեյդար, ցերեկները հանգստություն չունի և ամբողջ գիշերը նրա աչքերին քունը մոտ չէ գալիս։ Դևերը և ջիններն անդադար բզբզում են նրա ականջներին, վախեցնում են և ամենևին չեն հեռանում նրանից։

— Նզո՜վք, շեյթանին,— բացականչեց ներքինապետը։

— Պետք է շուտով կանչել ջինդարին (կախարդ)։

— Ես էլ այդպես եմ մտածում, Հեյդար։ Ես ճանաչում եմ մի