Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/413

Այս էջը հաստատված է

Զ

Քաղաքի ազնվապետական թաղերից մինի մեջ կանգնած էր փառավոր տուն, շրջապատված բարձր աշտարակներով և ատամնավոր պարիսպներով։ Գլխավոր մուտքի հանդեպ շարած մի քանի հրացաններն և նրանց մոտ մի թումբի վրա նստած պահապան սարվազները՝ ցույց էին տալիս, թե այդ ապարանքը պատկանում էր մի զինվորական աստիճանավորի։ Եվ արդարև, այնտեղ կենում էր զորքի Սեր-Ասքերը։

Առավոտյան ժամն էր։ Հոյակապ տան դահլիճներից մինի մեջ, որի լայն, գույնզգույն ապակիներով զարդարված լուսամուտները բացվում էին դեպի գեղեցիկ պարտեզը, նստած էին երկու ամուսիններ յուրյանց հասակի զառամյալ և պատկառելի տարիքում։ Կինը թեյի մեքենայի կողքին չայ էր պատրաստում, իսկ այրը նրանից հեռու յուր վաղորդյան նամազն էր կատարում։ Երբ վերջացրուց նա յուր աղոթքը, մոտեցավ կնոջը և նստեց նրա մոտ։ Կինը լցրեց մի բաժակ թեյ և դրեց նրա առջև։ Երբ վերջացրեց նա խմելը, սենեկասպաս փոքրավորներից մինը ներս բերավ դեյլանը և դրեց յուր աղայի առջև։ Նա սկսեց ծխել։ Նրանք երկուսն էլ դեռ չէին փոփոխել իրանց մեջ ոչ մի խոսք։ Բայց նրանց բազմահոդ դեմքերից երևում էր, թե երկուսի միտքն էլ զբաղված էր մի ծանրակշիռ ընտանեկան խնդրով։

Այրն առաջին ընդհատեց տիրող լռությունը։

— Կին, դու ո՞րտեղից գիտես, թե Մահին սիրում է Քերիմբեկին։

— Մեհրին ինձ պատմեց բոլորը,— պատասխանեց տիկինը։

— Բայց դու Մահիի լեզվից ոչինչ չե՞ս լսել։

— Ես նրանից հարցրի, բայց նա ոչինչ չպատասխանեց, միայն լաց էր լինում։

— Ուրեմն այդ հաստա՞տ բան է։

— Նա Մեհրիից թաքուն բան չունի, նա յուր աղախնին պատմել էր բոլորը և աղախինը հայտնեց ինձ։