Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/414

Այս էջը հաստատված է

Ալևոր զորապետի խորշոմած, բայց միևնույն ժամանակ պատկառելի դեմքն ընդունեց խիստ ծանր արտահայտություն, և նա առաջ տարավ յուր խոսքը։

— Յուր սիրո մեջ չէ սխալվել Մահին։ Քերիմ-բեկն արժան է նրան։

Տիկնոջ թառամած, բայց տակավին գեղեցիկ աչքերում փայլեցան ուրախության նշույլներ։ Նա գոհ էր, որ ամուսնի համազգայությունը համապատասխանում էր յուրյան։

— Այդ երիտասարդին,— առաջ տարավ զորապետը,— Գուրջիստանի Թիֆլիս քաղաքից ես բերեցի որպես գերի։ Նա ազգով հայ էր, իսկ կրոնքով քրիստոնյա։ Բայց շուտով ճանաչեց նա մեծ մարգարեի կրոնքի ճշմարտությունը և ընդունեց իսլամը։ Այժմ նա ամենաբարեպաշտ մուսուլմաններից մինն է։ Նա այսքան տարի յուր ծառայության մեջ միշտ հավատարիմ մնաց ինձ, այդ պատճառով ես սիրում եմ նրան որպես իմ աչքի լույսը։ Վերջապես նա ազատեց ինձ մահից․.. և ես իմ կյանքով պարտական եմ նրան։

— Նա ազատեց քեզ մահի՞ց,— կրկնեց կինն ուրախանալով։

— Այո՛։ Հերաթի կռվումը մենք հաղթվեցանք, իմ զորքը ցրվեցավ։ Ավղանների և բելուջների սուրը անխնա կոտորում էր մեր սարվազներին նրանց հալածելու միջոցին։ Ես նույնպես ստիպված էի խույս տալ կռվի դաշտից։ Բայց հանկարծ իմ թուրքմենցի ձին գլխիցը գնդակ ընդունելով գլորվեցավ գետին։ Ես թավալվեցա փոշիների մեջ։ Մին էլ այն տեսա, մի ավղան արծվի արագությամբ չոքեց իմ կուրծքի վրա։ Նրա դաշնակը փայլեց։ Բայց հեռվից ծխաց մի հրացան և ավղանը մի ակնթարթում գլորվեցավ իմ մոտ։ Ես տեսա իմ ազատիչը՝ Քերիմ-բեկը՝ վրա հասավ, ոտքով գլորեց դիակը դեպի մի կողմ և ինձ վեր բարձրացրեց։ Նա տվեց ինձ յուր նժույգը՝ ասելով «դուք փախեք, Սերթիփ, ես կարող եմ, ինձ ազատել»։ Ես համբուրեցի նրա ճակատը և այն րոպեից խոստացա նրան Մահիին...

— Փառք քեզ, աստված,— բացականչեց կինն յուր աչքերը դեպի երկինք ուղղելով։— Մի՞թե այդքան քաջ է Քերիմ-բեկը։

— Նրա մեջ փղի ուժ կա և առյուծի սիրտ,— պատասխանեց ծերունի զորապետը.— նա յուր թրի մի հարվածքով վայր է գցում մի ահագին գոմեշի գլուխը։

— Մաշալլա՜․․․— գոչեց կինը։— Բայց ո՜րքան ազնիվ է նա որպես տղամարդ, չնայելով որ Մահին նրա համար հանգստություն