Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/415

Այս էջը հաստատված է

չունի, նա մինչև այսօր ուղղակի աչքով չէ նայել մեր աղջկա երեսին։

— Քերիմ-բեկը կատարյալ տղամարդ է, նա արժան է մեզ փեսա լինել և մեր բոլոր հարստության ժառանգ։

— Բայց ինչո՞ւ չհայտնել նրան մեր նպատակը։

— Ես այս րոպեիս գնում եմ դրսի տունը, նրան կկանչեմ ինձ մոտ և բոլորը կասեմ,— խոսեց Սեր-Ասքերը և վեր կացավ, վերարկուն գցեց ուսին և դուրս գնաց։

Սույն միջոցին ներս մտավ մի մանկահասակ աղջիկ հիանալի գեղեցկությամբ։ Նրա սև գանգուրները խիտ օղակներով ծփում էին կիսամերկ թիկունքի վրա։ Աղեղնաձև հոնքերն պատել էին երկայն թերթերունքներով հովանավորված աչքերը, որոնց մեջ մանկական կրակը վառվում էր յուր բոլոր արևելյան ջերմությամբ։

Դա Մահին էր։ Մայրը պատմեց նրան հոր խոսքերը և յուրյանց նպատակը։ Օրիորդն ոչինչ չպատասխանեց։ Մի քանի կաթիլ արտասուք երևացին նրա սևորակ աչերի մեջ և հանդարտ կերպով գլորվեցան մուգ-վարդագույն թշերի վրա։— Այդ նրա համաձայնության արտահայտությունն էր։

— Սեր-Ասքերը, դուրս գալով հարեմխանայից, առանձնացավ դրսի տան սենյակներից մինի մեջ և իսկույն հրամայեց յուր մոտ կանչել Քերիմ-բեկին։

Քանի րոպեից հետո հայտնվեցավ մի տղամարդ վայելուչ կազմվածքով և համակրական դեմքով։ Նա խորին մեծարանքով գլուխ տվեց ծերունի զորապետին և կանգնեց։

— Նստի՛ր, Քերիմ-բեկ,— ասաց զորապետը։— Մոտ նոտի՛ր։

Երիտասարդը պահպանելով յուր պատշաճավոր համեստությունը, չոքեց զորապետից փոքր-ինչ հեռու խալիների վրա։

— Լսի՛ր, բարեկամ,— խոսեց ծերունին,— ես այսօր պետք է հայտնեմ քեզ մի միտք, որ վաղուց դրած էր իմ սրտի մեջ։ Դու տեսնում ես, որ ես արդեն հասակս առած եմ, գերեզմանը շատ հեռու չէ ինձանից, մահը կանգնած է իմ վզի ետնեն։ Միակ ճրագն, որ պետք է վառ պահե իմ օջախը, է իմ սիրելի աղջիկ — Մահին։ Բացի նրանից, դու գիտես, ես ուրիշ զավակ չունեմ։ Մահին այժմ տասն և վեց տարեկան է, ուրեմն ես կարող եմ կատարել իմ խոսքը, որ տվեցի քեզ Հերաթի կռվի դաշտումն, երբ դու իմ կյանքն ազատեցիր մահից։ Մահին քո կինը կլինի, Քերիմ-բեկ, իսկ դու իմ որդին։ Եվ իմ բոլոր հարստությունը կմնա ձեզ ժառանգություն։

Այդ երկար մոնոլոգի միջոցին Քերիմ-բեկի դեմքն ավելի և