սրահակի մեջ, տեղեկացավ նա Քերիմ֊բեկի կացարանի մասին և ուղղակի դիմեց այնտեղ։ Կինը գտավ նրան միայնակ յուր սենյակում թեյ էր խմում և ծխում էր։
Նա առանց բարձրացնելու երեսկալը, մոտեցավ երիտասարդին, բարևեց.
— Խաղաղություն լինի քեզ։
Երիտասարդը սովորական կերպով ընդունեց ողջույնը, հրավիրելով նրան նստել։ Կինը մոտեցավ նրան և հազիվ լսելի ձայնով ասաց.
— Իմ տե՛ր, ձեզ հետ գաղտնի խոսելիք ունեմ։
Այդպիսի անակնկալ հյուրերը, մանավանդ անծանոթ կնիկներից ամուրի երիտասարդների մոտ, այն քաղաքում սովորական լինելով Քերիմ֊բեկն ամենևին չկասկածեց յուր այցելուի մասին, և խիստ քաղաքավարի կերպով պատասխանեց նրան.
— Այստեղ չեն արգելի ձեզ, միայն դուք հետ քաշեք ձեր երեսկալը։
Անծանոթն երեսից առեց դիմակը և հայտնվեցավ մի խափշիկի դեմք բավականին նուրբ գծագրությամբ։ Երիտասարդը մտածեց, թե նա տարփավոր խանումների աղախիններից մինը պետք է լինի։
— Ի՞նչպես թողեցին ձեզ ինձ մոտ։
-Ես խաբեցի դռնապանին, ասեցի թե ձեզ համար լվացք եմ բերում,— պատասխանեց խափշիկը ցույց տալով յուր կապոցը։
Օրիորդը նստեց երիտասարդից ոչ այնքան հեռու:
—Բարի՛ լինի ձեր գալուստը...— հարցրուց Քերիմ-բեկը հետաքրքրությամբ։
-Փա՛ռք աստուծու, բարի է,— ասաց աղախինը, և ավելի մոտենալով երիտասարդին, խոսեց նրա ականջին.— ինձ ձեզ մոտ ուղարկեց Զեյնաբ-խանումը։
Զարմացքը, հրճվանքը և սոսկումը փոփոխակի կերպով մի րոպեում նկարվեցան Քերիմ-բեկի դեմքի վրա։ Նա չկարողացավ իսկույն հավատալ խափշիկի խոսքին։
Ո՞վ է Զեյնաբ-խանումը,— հարցրուց նա փորձելու մտքով։
-Իմ տերը լավ է ճանաչում նրան։ Զեյնաբ֊խանումն իմ տիկինն է, իսկ ձեր — սիրուհին։
Դեռ Գուրջիստանի Թիֆլիս քաղաքում Մեխակը և Ալմաստը սիրում էին միմյանց։ Այդպես կոչվում էր այնտեղ ձեր երկուսի անունները։ Ներքինի թագավորը ձեզ այստեղ գերի բերավ և դուք բաժանվեցաք միմյանցից...