Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/424

Այս էջը հաստատված է

մինը, որին նրա տերը բարեհաճել էր հեծնել և կատարել յուր զբոսանքը...

— Սարսափելի դրություն,— կոչեց երիտասարդը։

— Ներքինապետը հերթով է բաժանում հարեմխանայի իշխանի սերը նրա կնիկների մեջ,— շարունակեց Ալմաստը ցավալի ձայնով։— Կնիկները ստիպված են կամ կաշառել իրանց անգութ պահապանին և կամ հաճոյամոլություններով գրավել ամուսնի սիրտը։

Երիտասարդը բոլոր ժամանակը լսում էր, թույլ տալով յուր սիրուհուն թափել սրտի ցավերը։

— Շատ անգամ հուսահատությունը մինչ այն աստիճան տիրում էր ինձ, որ ես պատրաստվում էի ինձ խեղդել, կամ որևիցե թույնով հանգստացնել սրտիս դարդերը։ Բայց միշտ մի աներևույթ ձեռք կարծես արգելում էր ինձ, երբ մտածում էի, թե ես քրիստոնյա եմ, թե իմ դիակը կդրվի մահմեդական գերեզմանատնում...

— Բայց դու չեի՞ր մտածում իմ վրա,— ընդհատեց երիտասարդը նրա խոսքը։

— Մտածում էի, Մեխակ ջան, ի՛նչպես չէի մտածում։ Ես կարծում էի, թե երկնքումը կգտնեմ քեզ և այնտեղ էլի կսիրենք մեկմեկու։

Վերջին խոսքերն արտասանելու միջոցին Ալմաստի աչքերը լցվեցան արտասուքով։ —

— Ուրեմն դու չգիտեի՞ր, որ ես կենդանի եմ։

— Ո՛չ, մինչև այն օրն, երբ քեզ առաջին անգամ տեսա մեր այգումը, երբ դու ասացիր թե «դեռ սիրում ես ինձ»։

— Սիրում եմ, Ալմաստ,— պատասխանեց երիտասարդը։

Այնուհետև մի ըստ միոջե պատմեց նա, թե ինչ նշանակություն Էր ստացել ինքը Սեր-Ասքերի տան մեջ։ Հայտնեց նրա դստեր Մահիի սիրահարվիլն յուր վրա և նրա ծնողաց նպատակն յուրյան փեսայացնելու և ամբողջ հարստության ժառանգ շինելու։ Պատմեց, թե ինչպես նրանց առժամանակ հանգստացնելու համար ստիպված էր ինքը կեղծավորվիլ, պատճառ բերելով Մեքկայի ուխտագնացությունը և այլն։

Երիտասարդի պատմության ժամանակ Ալմաստի դեմքը հետզհետե պայծառանում էր, նրա աչքերը լի հոգեկան կրակով՝ փայլում էին քնքուշ սրտի բոլոր զգացումներով։ Երբ վերջացրեց նա յուր պատմությունը, տիկինը գրկեց նրան ասելով.

— Այդ բոլորը դու զոհեցի՛ր ինձ համար...