Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/428

Այս էջը հաստատված է

Մարջանը միայնակ դուրս եկավ յուր սենյակից, մոտեցավ ջրի ավազանին և լվացվում էր։ Նույն ժամուն ծերունի Հեյդարը կատվի նման պտտում էր հարեմխանայի ամեն ծակումուտքը։ Նա անցավ խափշիկի մոտից։

— Ի՞նչպես է քո խանումի քեփը,— հարցրուց Մարջանից։

— Հիմա մի քիչ լավ է։ Երևում է, դևերը հեռանալու վրա են:

— Հրամայում է արդյոք խանումը բաղնիքի պատրաստություն տեսնել, այսօր ջումա է։

— Ո՛չ, բարի Հեյդար, իմ խանումը չէ կարող յուր սենյակից դուրս զալ։

— Ինչո՞ւ,— հարցրուց ներքինապետը, աչքերը լայն բացելով:

— Կախարդը հրամայեց նրան քառասուն օր չիլա[1] մտնել․

— Ղո՞րդ:

— Այո՛, քառասուն օր նա փակված կմնա յուր սենյակում և արևի երեսը չի տեսնի։ Ադամորդու հետ պիտի չխոսի և ոչ ոքին յուր մոտ չընդունի։

— Այդ շատ ծանր բան է,— ասաց ներքինապետը զարմանալով։— Այդ կատարյալ ճգնություն է։

— Այդ քառասուն օրումը,— առաջ տարավ խափշիկը,— իմ խանումն յոթն անգամ ղորանը պետք է ծայրեիծայր կարդա և ամեն օր յոթն անգամ ն ա մ ա զ պետք է անի և միայն աղուհաց պիտի ուտի։

— Կախարդը դարձյալ կգա՞։

— Շաբաթը մի անգամ։ Նա դեռ այստեղ է։

— Թո՛ղ աստված ողորմություն անի Զեյնաբ-խանումին ի սեր մեծ մարգարեին,— բարեմաղթեց ներքինապետը և մտավ մի այլ բակ։

Մարջանը դարձավ յուր տիկնոջ սենյակը, գտավ նրան բոլորովին չհանված պառկել էր յուր մահճի վրա։ Նա սովորական ողջույնը տալուց հետո, հարցրուց.

— Իմ տիկինը երևի ամենին չքնեց։

— Ոչ, «նրա» գնալուց հետո քունս չտարավ։

  1. Չիլա պարսից չըհիլ բառից է, որ նշանակում է քառասուն կամ քառասնյակ։ Դա խորհրդական օրերի մի թիվ է, որ գործ են դնում կախարդներն յուրյանց հմայքների մեջ և դերվիշները իրանց ճգնությունների օրերը այդ թվով են որոշում։ Այդ սնահավատությունն երևում է Հայաստանի և Պարսկաստանի հայերի մեջ. կանայքը ծնունդից հետո քառասունք են պահում, այսինքն մինչև քառասուն օր փակված են մնում յուրյանց օթյակում: