Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/435

Այս էջը հաստատված է

— Էդ լա՜վ բան եք սարքի...— ընդհատեց նա յուր ընկերուհու պատմությունը։

— Ի՛նչ անենք, Սալոմե ջան, «կատվի բերանն երբ մսին չէ հասնում, սկսում է գողություն անել»։

— Էդ լա՜վ է, շատ լա՜վ եք մոգոնի...— կրկնեց Սալոմեն չդադարելով ծիծաղելուց։— Ա՜խ։ ես մոռացա քեզ համար ղեյլան պատրաստել,— խոսքը փոխեց նա վեր թռչելով նստած տեղիցը:

— Նա անցավ նախասենյակը։

«Խե՜ղճ Սալոմե, ասաց Զեյնաբ-խանումն յուր մտքի մեջ, ո՛րքան փոխվել է նա... ո՜րքան մաշվել է նա»...

Սալոմեն ներս բերավ ղեյլանը, տվեց յուր հյուրին։ Նրանք սկսեցին ծխել։

— Հիմա էս ղեյլանով ու էս շորերով, Ալմաստ ջան, ես ու դու Թիֆլիսում նստած ըլեինք ձեր դռանը՝ Տափի-թաղում, ա՜խ, ի՛նչքան կծիծաղեին մեր թաղի աղջիկները։

— Էլ չենք տեսնի ոչ Թիֆլիսը և ոչ Սոլոլակը, Սալոմե ջան... Մի՞տդ է գալիս, որ կիրակիները գնում էինք խեվումը բուրթի (գնդակ) էինք խաղում։ Ո՜ւր է էն օրերը...։ Կեկելի աղջիկը՝ Սոփոն, հիշո՞ւմ ես, Սալոմե, ի՛նչ լավ էր խաղում էն ծամ կտրածը։

Հայրենիքի հիշողությունները ցավալի տպավորություն ունեցան երկու գերիների վրա ևս։ Եվ նրանք երկուսն էլ չկարողացան զսպել յուրյանց արտասուքը։

— Իմ մասին բոլորը լսած կլինես Քերիմ-բեկից, պատմիր, Սալոմե ջան, դու ի՛նչպես ընկար այստեղ։

— Լավ է, որ չիմանաս, Ալմաստ ջան։

— Չէ՞, քո հոգուն մատաղ, ես ուզում եմ գիտենալ։

— Սալոմեն սկսեց պատմել։

— Երբ Մահմադ-խանի սարվազները լցվան մեր քաղաքը, հերս տանը չէր, նա գնացել էր Կախեթ գինի բերելու։ Տան մեջ մնացել էինք ես, մերս, մեկ էլ իմ աղբեր Սոսիկոն։ Միտդ գալի՞ս է, Ալմաստ, էն պստիկ երեխեն, որ ջեր ծիծ էր ծծում: Հանկարծ ողջ քաղաքը ծուխի մեջ կորավ, լաց ու շիվանը բարձրացավ և ամեն կողմից խաբար դուրս եկավ, թե քաղաքը թալանում են, աղջիկները ու ջեհիլ տղերքը գերի են տանում։ Մայրս ինձ թաքցրուց մեր սարդափումն ու ինքը նստավ դռանը։ Մեկ էլ տեսանք, երկու պարսիկ մտան մեր բակը։ Մորս լեզուն կապվեցավ։ Նրանք սկսան մեր տունը կողոպտել, ինչ լավ բան որ գտան՝ արծաթեղեն, պղնձեղեն՝ ամենը լեցրին իրանց խուրջիններում։ Հետո մորս սկսեցին