Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/439

Այս էջը հաստատված է

Դա Զեյնաբ-խանումի ամուսինն էր յուր ծառաներով: Նա մի մարդ էր մոտ հիսուն տարեկան, հաստլիկ, հինայով ներկած երկայն մորուքով և ահեղ կերպարանքով։ Իշխանը բռնած էր նույն ժամանակ շահի դռանը մի մեծ պաշտոնակալի տեղ։

Նա հասավ յուր ամրոցն, երբ ճրագները վառվել էին արդեն, իսկույն վայր իջավ ձիուց և սանձը հանձներ դռան պահապաններից մինին, որոնք խումբով վազեցին նրա առջև։ Նրա նժույգը պատած էր սապոնի նման փրփրած քրտինքի մեջ, սկսան ման ածել նրան մինչև հովանա։ Իշխանը ներս մտավ յուր դիվանխանան։ Մանկահասակ պատանյակներն, անմազ թշերով, պատեցին նրա շուրջը. մինը սկսավ յուր տիրոջ կոշիկները դուրս քաշել, մյուսը նրա զենքերն էր արձակում, երրորդը լագան — աֆտաֆին գրավ նրա առջև, որ լվացվի: Երբ նա մաքրեց յուրյան ճանապարհի փոշուց, իսկույն մատուցին վարդաջուր, նա սրսկեց յուր փառավոր մորուքը, օծվեցավ և անուշահոտվեցավ։ Նույն րոպեին պատրաստ էր նրա առջև ոսկյա գլխով զարդարած ղեյլանը, որից սառը ջուրը կաթկթում էր։

Այնուհետև մինը մյուսի ետևից ներկայացան իշխանի դրանիկները` նրա ֆերաշբաշին, նազիրը, մինախոռը, նայիբր և այլն։ Նրանց ամեն մինի դեմքի վրա նկարված էր երկյուղ և ստրկական խոնարհություն։ Նրանք, խորին կերպով գլուխ խոնարհեցնելով, երկրպագություն էին տալիս և ամեն մինը զեկուցում էր անում յուր գործավարության մասին իշխանի բացակայության ժամանակ։ Իշխանը մի քանիսին գովեց, մի քանիսին բարկացավ և հայհոյեց ու այնպես արձակեց բոլորին։

Ամենից վերջը հայտնվեցավ ծերունի ներքինապետը, երբ նրա տերը միայնակ ծխում էր։

— Ի՞նչ ունես ասելու, հեյդար,— դարձավ դեպի նա իշխանը։ Ծերունին կրկնեց երկրպագութ յունը, պատասխանելով.

— Թո՛ղ ողջ լինի իմ տերը և աստված նրան երկար կյանք պարգևե, թող նրա փառքն արեգակից վերև բարձրանա։

— Ի՞նչպես է իմ հարեմխանան։

— Ձեր աղախինները բոլորն առողջ են և աղոթարար յուրյանդ տիրոջ թանկագին կենաց համար։

Իշխանն ընդունեց ինքնաբավական կերպարանք, բայց Հեյդարի դեմքի վրա նկատում էր նա կասկածավոր մի երևույթ, որը ձերունին կարծես աշխատում էր թաքցնել։

Առանձին ոչի՛նչ չէ՞ պատահել,— հարցրուց նա։