Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/441

Այս էջը հաստատված է

Իշխանի երեսի գույնը թռավ։ Նա յուր մատներով սկսեց անհանգիստ կերպով յուր «տերողորմյայի» հատիկները դարձնել և ալլահի ու մարգարեի անունները կարդալ։

Ձայները լռեցին, միայն երբեմն լսելի էր լինում սուր— ձգական ճլվլոց։

Նույն ժամուն մանկահասակ սպասավորներից մինն իմացում տվավ, թե մի քանի խաներ և բեկեր ուզում էին ներկայանալ։ Իշխանը հրամայեց, որ գան։

— Դու կարող ես գնալ, Հեյդար,— դարձավ նա դեպի ծերունին,— միայն Բագիմ-խանումին հայտնիր, որ այս գիշեր նրա մոտ կլինեմ։

Ներքինապետը կրկին երկար կյանք և առողջություն բարեմաղթեց յուր տիրոջը և գլուխ տալով հեռացավ։ Իշխանի դահլիճը մըտան խաները և բեկերն, որոնք կառավարության մեծամեծ պաշտոններ էին վարում և միևնույն ժամանակ ունեին բարեկամական հարաբերություններ նրա հետ։

ԺԳ

Գիշերը խիստ մութն էր։

Ներքինապետը գոհությամբ և ուրախ դուրս եկավ յուր տիրոջ դահլիճից։ Նա իսկույն դիմեց դեպի Բագիմ-խանումի կացարանը: Նրան հանդիպեց մալայեցի Ֆերուզը, որ միայնակ բակումը ման էր գալիս։

— Ո՞ւր, Հեյդար-ամու,— հարցրուց աղջիկը։

— Խանումիդ մոտ։

Աղախինը րոպեական շփոթությունից հետո պատասխանեց.

— Նա քնած է։

— Դե՛, գնա Ֆերոպ, շուտ զարթեցրու խանումին, ասա՛, որ իշխանն այս գիշեր նրա մոտ կլինի։

— Շատ լավ,— պատասխանեց մալայուհին և հեռացավ։

Նա գտավ Սալմանին յուր տիկնոջ նախասենյակում։

— Սալման քո հոգուն մատաղ, շուտ վազիր խանումի մոտը ասա նրան...

— Ի՞նչ ասեմ։

— Ասա , իշխանը դարձել է որսից, Հեյգարը հայտնեց, որ այս գիշեր մեր խանումի մոտ կլինի: