Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/450

Այս էջը հաստատված է

«Մթին անտառով պատած էր սարը,
«Այն սարի գլխին գմբեթի նման,
«Կապույտ երկինքը յուր լալն կամարը,
«Դրած էր այնպես պայծառ, անսահման։

«Այն սարի վրա ամրոց էր կանգնած,
«Թշնամի վըհուկ կախարդեց նրան․
«Ամրոցի միջում աղջիկ էր նստած,
«Նրան կապել էր գերության շղթան։

«Միայնակ, տխուր նազելի կույսը
«Փակված էր մթին յուր նեղ սենյակում,
«Կյանքից և բախտից կտրած էր հույսը,
«Սրտամաշ ցավերը կըրում էր հոգում։

«Ամրոցի մոտից մեկ աշուղ անցավ,
«Երգեց աշուղը յուր երգը անուշ,
«Վըհուկի այն չար թիլիսմը լուծվեցավ,
«Փշրեց յուր շղթան աղջիկը քնքուշ։

«Վազեց դեպի դուրս, աշուղին կանչեց,
«Ասաց — «Դու ես իմ սրտի ուզածը,
«Սեղմեց գրկի մեջ, երեսից պաչեց,
«Ասաց՝ — «Ինձ փրկիչ ճամփեց աստվածը։

«Երբ որ լուսինը բլուրի ծայրից՝
«Շողում էր լույսը՝ ուրախ և պայծառ,
«Երբ որ աստղերը երկն ի կամարից՝
«Պսպղին տալով՝ թափեին գոհար,—

«Ամրոցի միջից աշուղի նազելին,
«Ծածուկ դուրս գալով, մթին անտառում՝
«Լի ցնորքներով՝ սրտի սիրելին՝
«Կանչում էր, կանչում.․․ նրան պըտրում.․․

«Այն անտառի մեջ կար մի տաղավար,
«Կարծես, դերվիշի էր նա բնակարան,
«Թփերով պատած՝ ճյուղերը հյուսած
«Ցրտից, անձրևից պահում էր նրան։

«Այնտեղ աշուղը միայնակ՝ լռին
«Առանձնության մեջ երգում էր երգը,