«Նրան կենակից էին՝ Հաֆիս, Սադին
«Եվ մեծ թուսեցու հրաշալիք գիրքը[1]։
«Այն տաղավարում ամրոցի հուրին
«Անցուցանում էր անուշ գիշերներ.—
«Ջեննաթը երբե՛ք լուր անմահներին
«Չէ՛, չէ՜ շնորհում այնպիսի օրեր...
— «Թափում էր ցավը վշտահար սրտից,
«Սրբում էր աչքից դառն արտասուքը,
«Որպես մի անմեղ՝ ազատված բանտից՝
«Մոռանում էր լուր ողբն ու սուգը։
«Ամրոցի տերն էր բռնակալ — իշխան,
«Որ խլեց նրան հայրենի երկրից,
«Իսկ աղջկա հայրն — էր ծերուկ մի խան․
«Որ շատ արտասուք քամեց աչերից։
«Իշխանը ուներ պաշտոն արքունի
«Եվ գեղեցկուհի կանայք բազմաթիվ,
«Նրա հարեմում ստրուկ, ներքինի
«Չունեին բնավ համար և հաշիվ։
«Նրա կանայքը փակված են ողջուն
«Երկաթով պատած՝ ամուր վանդակում,
«Բայց «սերը» հզոր է քան բռնություն,
«Նա յուր վանդակը է միշտ խորտակում․․․»
|
|
Բագիմ-խանումը, դառնալով յուր սենյակը, զարդարվեցավ, օծվեցավ, կոկվեցավ և նախշուն թիթեռնիկի կերպարանք ստացավ։ Նա յուր օթյակը լեցրած անուշահոտությամբ, սպասում էր յուր տիրոջ գալստյանը։ Հանկարծ նրա ականջներին դիպավ մոգական հնչումները մի երգի։
— Այդ «նրա» ձայնն է ասաց շփոթվելով տիկինը և մոտեցավ բաց լուսամուտին, որտեղից ներս թռան երգի վերջին տողերը.
- ↑ Թուսեցի էր պարսից երևելի բանաստեղծ Ֆիրդուսին։ Նրա նշանավոր պատմական վեպը կոչվում է Շահ-Նամե, Ծանոթ․ հեղ․